Սոցցանցերի միջոցով մանիպուլյացիոն հնարքներ կատարելով տասնյակ քաղաքացիների ծուղակը գցելու և առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հանցագործության հետևանքով Հայաստանում գործող տարբեր ընկերություններին ու բազմաթիվ քաղաքացիներին պատճառված գույքային վնասը շուրջ 42 միլիոն դրամ է:
Գոհար Արասխանյան (ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչ) - Տավուշի 34-ամյա բնակիչը 2020 թվականի մարտից մայիսն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու մեկ միասնական դիտավարությամբ, իր և այլ անձանց անվամբ գրանցված տարբեր բջջային հեռախոսահամարներով բացել է էլեկտրոնային վճարման համակարգի հաշվառման հաշիվներ, էլեկտրոնային դրամապանակներ, այնուհետև այդ էլեկտրոնային դրամապանակներին ավելի բարձր կարգավիճակ տրամադրելու նպատակով օգտագործել է այլ անձանց անվամբ լրացված ակնհայտ կեղծ անձնագրեր և նույնականացման քարտեր:
Պարզվել է, որ քաղաքացին էլեկտրոնային դրամապանակների միջոցով 41 անձի անվամբ տարբեր ընկերություններում առցանց կնքել է վարկային պայմանագրեր, համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակել այդ պայմանագրերով հաստատված, իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին փոխանցված առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 26 միլիոն դրամը և ամբողջությամբ փոխանցել բուքմեյքերական ընկերությունների կայքերում իր անվամբ գրանցված ու իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին: Սա միակ դեպքը չէ: 2021-ի առաջին 5 ամիսներին ֆեյսբուքում ստեղծել է հիմնականում կանանց անուններով օգտահաշիվներ, ընկերության հայտեր ուղարկել այլ օգտատերերի, ներկայացել էլեկտրոնային դրամապանակ գովազդող աշխատակից ու փորձել վստահություն ձեռք բերել:
Գոհար Արասխանյան - Վերջիններիս անվամբ էլեկտրոնային դրամապանակներ գրանցելուն, դրանք նույնականացնելուն տարբեր բոնուսներ տրամադրելու կամ այլ նպատակներով ստացել է նրանց բջջային հեռախոսահամարները, ստացված մեկանգամյա ծածկագրերը, ուղղորդել է նրանց էլեկտրոնային դրամապանակները նույնականացնելու գործընթացում, այնուհետև, ունենալով իր բացած՝ այլ անձանց տվյալներով գրանցված էլեկտրոնային դրամապանակների հասանելիությունը, վերջինս փոփոխել է դրանց գրանցման համար օգտագործված հեռախոսահամարները իր հեռախոսահամարներով:
Այդ անձանց անվամբ տարբեր ընկերություններին ուղարկել է վարկային պայմանագրեր կնքելու հայտեր, կնքելով պայմանագրերը՝ հափշտակել է հաստատված շուրջ 13 միլիոն դրամն ու այն փոխանցել իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներից տարբեր ընկերություններին պատկանող կայքերում իր անվամբ գրանցված, օգտագործվող խաղային հաշիվներին:
Քնարիկ Պողոսյան (համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվող հափշտակության զոհ) - Մինչև հիմա, անկեղծ ասած, շոկի, դեպրեսիայի մեջ եմ, երբ տանը դու նստած, մեկ էլ զանգում են բանկից, որ դուք վարկեր ունեք երկու ժամկետանց: Օնլայն շոփինգներ օգտագործել ենք, ես չեմ պատկերացրել, որ դա ընդամենը խաբեություն է, ընդամենը ինքը տարբերակներ էր ասում, ասում էր՝ կանգնեք, նկարվեք, անձնագրի տվյալները, նկարեք, ու ինչ ասել է, քայլերը մեկ առ մեկ արել ենք:
Ինչպես ներկայացավ, որ դուք էլ վստահեցիք ու տվյալները փոխանցեցիք, ընդամենը որ գովազդում է էլեկտրոնային դրամապանակ, եթե ցանկանում եք օգտվել մենք կարող ենք օնլայն տարբերակով այդ բոլորը մշակել: Ցանկանում եմ, որ մարդիկ իրազեկվեն, խուսափեն նման տարբերակներով նման իրավիճակներում հայտնվելուց:
Կիբեռանվտանգության մասնագետի խոսքով՝ ցանկալի է, որ ֆինանսավարկային կազմակերպությունները խստացնեն անվտանգության համակարգը:
Գրիգոր Սաղյան (կիբեռանվտանգության մասնագետ) - Օրինակ՝ հիմա ընդունված է, որ եթե ստանում եք հաստատում՝ sms միջոցով կոդ, այդ կոդի գործողության ժամկետը, ենթադրենք, 15 րոպե է, գուցե իմաստ ունի 2 րոպե դարձնել, որ չարագործը չհասցնի այդ կարճ ժամանակում զոհից ստանա հենց այդ կոդը:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ միևնույն անձը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարել է հափշտակություններ՝ օգտագործելով նաև այլ տարբերակներ:
Գոհար Արասխանյան - Նշված անձին մեղսագրվող արարքներից միայն երկուսը՝ նախատեսված քրեական օրենսգրքի 181-րդ մասի 3-րդ մասի 1 կետով, ծանր հանցագործություններ են, որոնց համար քրեական օրենսգիրքը նախատեսում է պատիժ՝ առավելագույնը 8 տարի ազատազրկմամբ, իսկ վերջինիս մեղսագրվող մյուս հանցավոր արարքները համարվում են թեթև ու միջին ծանրության հանցավոր արարքներ:
Գրիգոր Սաղյան - Հանդիպում են մեր կյանքում այնպիսի մարդիկ, որոնք օձի լեզու ունեն և կարող են ամեն ինչ շատ գեղեցիկ ներկայացնել, վստահություն ձեռք բերել և ստանալ ամենագաղտնի տեղեկատվությունը: Առաջին հերթին անհրաժեշտ է, առավել ևս՝ սոցիալական ցանցերում, երբ չես տեսնում էն մարդուն, ում հետ խոսում ես, չտալ ոչ մի տեղեկություն, անձնագրի համար, սոցքարտի համար, որևէ գաղտնաբառ, որևէ տեղեկատվություն:
Իրավապահ մարմինների հորդորն է՝ ձեռնպահ մնալ սոցիալական ցանցերում անձնական տվյալները տարբեր պատճառաբանություններով այլ անձանց տրամադրելու առաջարկներն ընդունելուց: