Հայաստանում արդեն սկսել են ինկուբացիոն միասեռ ձկնկիթ արտադրել: Զովաշենցի հայր և որդի Հովսեփյանները երկար տարիներ փորձարկում էին ձկնկիթից միասեռ մանրաձկան ստացումը, ծիածանափայլ իշխանից վերջապես ստացան հապլոիդ՝ արագաճ ու միասեռ տեսակը:
Ձկնաբուծական բիզնեսի համար ձեռնտու է պահել ձկան էգ տեսակը: Տարեկան Հայաստան է ներկրվում 5500 կիլոգրամ բեղմնավորված ձկնկիթ, որի մի մասը արու է, ինչը ձկնաբուծության տեսանկյունից ձեռնտու չէ: Բացի այդ, տեղում արտադրված մանրաձուկը հիվանդությունների նկատմամբ դիմացկուն է:
Հիմա փորձում են ստանալ ձուկ, որը 3-4 տարի հետո միայն կդառնա սեռահասուն՝ ասում է Հովսեփ Հովսեփյանը: Ձմռան ցուրտ և ամռան շոգ պայմաններում, երբ ձուկը քիչ է ուտում, իրենց ստացած մանրաձուկը մեկ տարում մինչև 1 կիլոգրամ 300 գրամ է կշռում՝ հավաստիացնում է ձկնաբույծը: Մինչդեռ ներկրված մանրաձկան ցուցանիշը առավելագույնը 800 գրամն է: Բիզնեսը զարգացնելու համար հիմա պատրաստվում են դիմել Էկոնոմիկայի նախարարություն:
Ձկնաբուծարանները ևս սկսել են օգտվել պետական աջակցության ծրագրերից՝ անցում կատարելով ինտենսիվ ձկնաբուծությանը: Լիզինգային տարբերակով ձեռք են բերում սարքավորումներ, որոնք խնայում են ջուրը, ավելացնում ձկնարտադրությունը:
2020-ի հունվար-սեպտեմբերին արտադրվել էր ավելի քան 12 հազար տոննա, 2021-ի նույն ժամանակահատվածում ավելի քան 13 հազար տոննա ձուկ: Աճը կազմել է 3 տոկոս, 7 տոկոսով էլ ավելացել է արտահանումը: