Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի մի շարք առանցքային առաջարկություններ անընդունելի են։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը՝ Բրյուսելում ավարտված ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում՝ հաղորդում է ТАСС-ը։
Շերմանի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները նիստում ասել են, որ յուրաքանչյուր երկիր կարող է ընտրել իր դաշինքները, և ամբողջությամբ խոսել են միասնական դիրքորոշումից։ ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանի Դաշնությունից պահանջել են գնալ ապաէսկալացիայի և աշխատել դիվանագիտական ուղղությամբ։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի՝ Դաշինքի անդամ երկրները Ռուսաստանից պահանջել են «նվազեցնել լարվածությունը, ընտրել դիվանագիտության ուղին և շարունակել երկխոսությունը բարեխղճության և փոխադարձության հիմունքներով»։
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին առաջարկել է ուսումնասիրել փոխադարձ քայլերի հնարավորությունը՝ ռիսկերը նվազեցնելու, թափանցիկությունն ապահովելու, հաղորդակցությունը բարելավելու և սպառազինությունները վերահսկելու հարցերում:
ՆԱՏՕ-ի երկրները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ կրկին զգուշացրել են Ռուսաստանին կոշտ միջոցների մասին՝ Ուկրաինա ներխուժելու դեպքում՝ ասել է Շերմանը։