ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի իրականացրած վերջին սադրանքի առիթով:
«Խորապես անհանգստացած եմ սահմանային նոր միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրություններից։ Կողմերի համար կարևոր է թուլացնել լարվածությունը և ամբողջությամբ օգտագործել առկա մեխանիզմները, մասնավորապես՝ ՊՆ-ների միջև թեժ գիծը, որը ստեղծվել է ԵՄ հովանու ներքո՝ 2021 թվականի նոյեմբերին»,- նշել է ԵՄ պաշտոնյան։
Տոյվո Կլաարը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է աշխատել կողմերի հետ՝ ուժերն իրարից հեռացնելու հարցում։ «Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքներում»,- հավելել է դիվանագետը։
ԵՄ-Ն ԱՇԽԱՏՈՒՄ Է ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ
Սահմանային վերջին զարգացումներին անդրադարձել է նաև ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված փոխհրաձգությունը, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, հաստատում է ուժերն իրարից հեռացնելու և վստահությունն ամրապնդելու անհրաժեշտությունը: Եվրամիությունն աշխատում է կողմերի հետ՝ նպաստելու հակամարտության համապարփակ կարգավորմանը»,- գրել է Ստանոն Թվիթերի միկրոբլոգում:
ՌԴ-ՆԱՏՕ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Բրյուսելում մեկնարկել է վերջին երկու տարում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստը։ Հանդիպման հիմնական թեման անվտանգության փոխադարձ երաշխիքների հարցն է, ինչն ավելի վաղ քննարկվել էր նաև Ժնևում հունվարի 10-ին կայացած Ռուսաստան-Միացյալ Նահանգներ նախնական բանակցություններում:
Քննարկումները կշարունակվեն հունվարի 13-ին Վիեննայում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակում։
Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գլուշկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը ձգտելու է հստակ արձագանք ստանալ անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի առաջարկների կապակցությամբ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ կարծիք է հայտնել, որ նիստն անցկացվում է Եվրոպայի անվտանգության համար ճիշտ և կարևոր պահի։ «Երբ լարվածությունը մեծ է, առավել կարևոր է դառնում նստել մեկ սեղանի շուրջ և քննարկել առկա մտահոգությունները»,- նշել է նա:
ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԱԶԱՏ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏՎՈՒՄ Է
Օլիգոպոլիաները լրջորեն սահմանափակել են Ղազախստանում ազատ շուկայի զարգացումը և նվազեցրել մրցունակության մակարդակը՝ հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նրա խոսքով՝ երկրի առաջնահերթություններից մեկը պետք է լինի հարուստների և աղքատների եկամուտների միջև տարբերության հաղթահարումը։
«Առաջին նախագահի շնորհիվ երկրում հայտնվել են մի շարք շահութաբեր ընկերություններ և շատ հարուստ մարդիկ՝ նույնիսկ միջազգային չափանիշներով։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը արժանին մատուցելու Ղազախստանի ժողովրդին և համակարգված օգնություն ցուցաբերել նրան»,- ընդգծել է Տոկաևը։
Նրա խոսքով՝ կստեղծվի «Ղազախստանի ժողովրդին» անունը կրող հիմնադրամ, որին օլիգարխներն ու մոնոպոլիստներն այսուհետ կնվիրաբերեն շահույթի մի մասը: Հիմնադրամի միջոցները կուղղվեն սոցիալական ոլորտ և ենթակառուցվածքների զարգացմանը: «Այդ հիմնադրամը չի պատկանի նախագահին, կառավարությանը կամ որևէ այլ պետական մարմնի։ Այն բոլոր ղազախստանցիներինն է»,- հայտարարել է Տոկաևը։