Համաշխարհային բանկը հրապարակել է ընթացիկ և հաջորդ տարվա կանխատեսումները: Ըստ այդմ՝ ակնկալվում է, որ աշխարհի տնտեսությունը 2021-ը կամփոփի 5.5 տոկոսանոց աճով, այս տարի կարձանագրի 4.1, իսկ 2023-ին՝ 3.2 տոկոս աճ:
Կառույցի կանխատեսմամբ՝ աշխարհում տնտեսական աճը տարեցտարի կդանդաղի՝ պայմանավորված «Օմիկրոն» շտամի արագ տարածմամբ: Խոշոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսությունների աճի նկատելի դանդաղ տեմպը կանդրադառնա զարգացող կամ թույլ զարգացած երկրների պահանջարկի վրա:
Վաչե Գաբրիելյան (տնտեսագետ, ՀՀ նախկին փոխվարչապետ) - Քանի որ գրեթե բոլոր խոշոր երկրները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, արդեն ազդակներ են տվել, որ գնաճի տեսանկյունից ունեն խնդիրներ և այդ տեսանկյունից այլևս խիստ ընդլայնողական քաղաքականություն չեն վարելու, դրա հետևանքով հավանական է, որ տնտեսական աճը դանդաղի, քանի որ արդեն ոչ միայն իրենք դիտարկում են, որ շուկայից արժեթղթեր չեն առնելու, այլև ենթադրում են, որ կարող է նաև տոկոսադրույքներ բարձրացնեն:
Հայաստանի վերաբերյալ կանխատեսումներն աշխարհի միջինացված աճից բարձր են. 2022-ին ակնկալվում է 4.8 տոկոս, իսկ 23-ին՝ 5.4 տոկոս տնտեսական աճ: Ընդ որում՝ ԵԱՏՄ անդամ երկրներից միջազգային կազմակերպությունն ամենամեծ աճն ակնկալում է հենց Հայաստանում: Հարևան երկրներից միայն Վրաստանում է ավելի բարձր տնտեսական աճ կանխատեսվում:
Վիլեն Խաչատրյան (ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ) - Կարծում եմ, որ 2022-ի վերականգնման ժամանակաշրջանը կլինի հօգուտ մեզ, և մենք կունենանք ավելի առաջանցիկ տեմպեր: Չնայած այստեղ հետևյալ հանգամանքը կա. ցածր էֆեկտով տարի 2020-ը, դրա համեմատությամբ՝ բարձր էֆեկտով 2021-ը և բարձրի վրա ավելի բարձր ապահովելը կլինի բարդ, բայց, այնուամենայնիվ, կլինի վերականգնում:
Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում կառույցը նշել է, որ մեր երկրի տնտեսությունն ավելի արագ կաճի 2023 թվականին՝ վերականգնվող ներքին սպառման, հարկաբյուջետային քաղաքականության և ավելի կայուն ներդրումային վիճակի շնորհիվ: Նման կանխատեսման հիմքն աշխարհաքաղաքական լարվածության, համավարակի հետ կապված սահմանափակումների թուլացումն է, պատվաստումների ավելի լավ տեմպն ու սպառողների և բիզնեսի վստահության բարելավումը:
Վաչե Գաբրիելյան - Ես, ընդհանրապես, գնահատում եմ Հայաստանի տնտեսական աճի ներուժը 3.5-4.5 տոկոսի սահմաններում: Նմանատիպ գնահատական՝ 4-5 տոկոսի վերաբերյալ, նաև հնչեցրել է ֆինանսների նախարարն Ազգային ժողովում՝ բյուջեի զեկույցի ժամանակ, և, կարծում եմ, որ 4.8 տոկոսը մոտ է այդ գնահատականին, այսինքն՝ այն ընդհանուր մեր տնտեսական ներուժի շրջանակներում է:
Տարբեր գործոններ կան, որոնք կարող են նպաստել և՛ տնտեսական ավելի բարձր ցուցանիշ ունենալուն, և՛ հակառակը՝ կարծում է Վաչե Գաբրիելյանը: Նա անդրադարձավ նաև Համաշխարհային բանկի այն կանխատեսմանը, որ 2021 թվականը Հայաստանը կամփոփի 6.1 տոկոս աճով:
Վաչե Գաբրիելյան - Եթե մենք դատողություններ անեինք միտումների կամ թրենդների համապատասխանաբար խզումներ չունենալով, ապա պետք է որ այդքան չլիներ՝ 6.1, բայց հիմա, եթե նայում ենք տնտեսական աճը նոյեմբերին, ապա վերջին 3 ամիսներին՝ նոյեմբերից առաջ, եղել է 2.2, 2.4, 3.8 տոկոս, հետո միանգամից դարձել է 13.2 տոկոս: Դրանից հետո դեկտեմբերն ավելի մոտ կլինի, հետ կգա 3-ին կամ 4-ին, թե կմնա 13.4 շրջաններում, ինձ համար խիստ դժվար է դատողություններ անելը:
Վիլեն Խաչատրյան - Գնաճային տեմպերը եղել են բավականին բարձր, և հենց գնաճն է եղել այն հիմնական խոչընդոտը, որ մեզ մոտ շատ ավելի բարձր տնտեսական աճի տեմպեր չեն գրանցվում կամ, օրինակ՝ 2021 թվականի համար նույն Համաշխարհային բանկի կանխատեսումները սահմանափակվում են 6.1 տոկոսով:
Ի դեպ՝ Կառավարությունն իր հնգամյա ծրագրում ավելի մեծ թիրախ է դրել՝ 7 տոկոս տնտեսական աճ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան