Գիտությունների ազգային ակադեմիայի բոլոր 30 ինստիտուտները նախատեսվում է թողնել ակադեմիայի կազմում: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի սկզբնական տարբերակը, որի համաձայն ինստիտուտները գործելու էին ինքնուրույն և կառավարվելու էին առանձին խորհուրդների միջոցով, վերանայվել է: Ակադեմիական հանրությունը կառավարման այս մոդելի դեմ ակտիվորեն պայքարում և ըմբոստանում էր: Այժմ արդեն, երբ օրենքի որոշ դրույթներ ճանաչվել են հակասահմանադրական և պետք է վերանայվեին, փոփոխվել է նաև Ակադեմիային վերաբերող հոդվածը:
Լուսինե Գրիգորյան (ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ) - Այդ ընթացքում ԳԱԱ-ից ստացանք գրավոր առաջարկ, որպեսզի որոշ չափով լրամշակվի նաև Ակադեմիային վերաբերող հոդվածը: Փոխադարձ համաձայնությամբ՝ այդ հոդվածը լրամշակվեց, և մի քանի օրից արդեն նախագծի լրամշակված տարբերակը կուղարկենք վարչապետի աշխատակազմին:
Աշոտ Սաղյան (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ) - Եղել են ակտիվ քննարկումներ: Ես հիշում եմ առաջին քննարկումը պարոն Դումանյանի հետ և վերջին քննարկումը: Երբ որ խոսում ես, երբ որ քննարկում ես, ամեն դեպքում՝ գալիս են այն ճիշտ գաղափարին, որը պետք է, որովհետև Ակադեմիան միայն Ակադեմիայի աշխատակիցներինը չէ, սա մեր պետության կարևորագույն օղակն է:
Սաղյանը հիշեցնում է, որ ժամանակին Ակադեմիայի ինստիտուտներում հարցում ու փակ-գաղտնի քվեարկություն է անցկացվել, և մասնակիցների 90 տոկոսը կողմ է եղել, որ ինստիտուտները շարունակեն գործել Ակադեմիայի կազմում: Գիտության կոմիտեի նախագահն էլ, ըստ նրա, ի սկզբանե պաշտպանել է այդ գաղափարը և կարծում է, որ գիտության ոլորտում բարեփոխումները պետք է կատարվեն համատեղ:
Աշոտ Սաղյան - Եվ, առիթից օգտվելով, կասեի (սա իմ անձնական կարծիքն է), որ միգուցե այն թյուր պատկերացումը, որ ստեղծվել է Գիտությունների ազգային ակադեմիայի նկատմամբ հասարակության մեջ, ինչու չէ՝ նաև կառավարող կազմի, ղեկավար կամ համապատասխան ստորաբաժանումների մոտ, պայմանավորված է նրանով, որ համագործակցություն չի եղել Գիտության կոմիտեի և Ազգային ակադեմիայի միջև: Ընդհակառակը՝ եղել է կոնֆրոնտացիա, և դա բերել է դրան:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի համոզմամբ՝ բոլորի նպատակը մեկն է՝ զարգացնել գիտություն, որը կլինի տնտեսության հիմքում:
Աշոտ Սաղյան - Բոլոր ղեկավարները, երբ եկել են իշխանության ղեկին, առաջին նախադասությունը դա են ասել՝ գիտահենք տնտեսություն, բայց իրականում որևէ բան չեն արել դրա համար: Հիմա ինչ-որ նոր քայլեր արդեն տեսնում ենք, ավելի լուրջ ուշադրություն է հատկացվում գիտությանը:
Սաղյանն ասում է` երբ մասնակցում էր Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի ընտրություններին, հստակ համոզված էր, որ Ակադեմիան չի կարող լինել առանց ինստիտուտների, ու որոշել էր՝ եթե չհաջողվի հասնել այս հարցի լուծմանը, կհամարի, որ այդ կարգավիճակում այլևս անելիք չունի, հրաժարական կտա:
Հեղինակ՝ Աննա Զախարյան