Բրյուսելում ավարտվել է երկուսուկես տարվա ընթացքում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստը։ Բանակցությունները տևել են չորս ժամ՝ գրում է ТАСС-ը։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում էին փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ Բանակցություններին մասնակցել են դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրի մշտական ներկայացուցիչներ։
«Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի շրջանակում բանակցությունները բարդ էին, բայց հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է նման երկխոսությունը»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը՝ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում։
«Տեղի ունեցավ մտքերի շատ լուրջ և անմիջական փոխանակում Ուկրաինայում տիրող իրավիճակի ու եվրոպական անվտանգության խնդիրների վերաբերյալ։ Այդ հարցերի կապակցությամբ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև զգալի տարաձայնություններ կան»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն հրաժարվում է զիջումների գնալ որոշ երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու հարցում։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ժողովրդավարություն է տարածում և ճիշտ չի համարում այն տեսակետը, որ ընդլայնումն ագրեսիվ գործողություն է։
Միաժամանակ, դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգռված է Մոսկվայում իր առաքելության, Բրյուսելի Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում էլ ռուսական դիվանագիտական ներկայության վերականգնմամբ։