ԱՄՆ-ը դրական է արձագանքել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ առաքելության ավարտի մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությանը՝ հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը մամուլի ասուլիսի ժամանակ:
Հունվարի 11-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ՀԱՊԿ զորքերի դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ին։ Հանրապետության ղեկավարն ավարտված է համարել օտարերկրյա ռազմական զորակազմի հիմնական առաքելությունը։ Երկրի բոլոր մարզերում իրավիճակն, ըստ նրա, կայուն է։ Խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի 10 օրվա ընթացքում։
ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովն էլ հայտնել է, որ խաղաղապահների հրամանատարությունը Ղազախստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ մշակում է պահպանվող օբյեկտները Ղազախստանի իրավապահներին փոխանցելու ծրագիր։
Նա ընդգծել է, որ խնդիրների կատարումից հետո ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ղազախական կողմի հետ գործակցությամբ կազմակերպում են խաղաղապահ ստորաբաժանումների վերադարձը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռների մշտական տեղակայման վայրեր:
Սերդյուկովը նաև հայտնել է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահները մեկ օրում հսկողության տակ են վերցրել Ղազախստանում գտնվող սոցիալական նշանակության հինգ կարևոր օբյեկտ: