ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադարձել է թուրքական ապրանքների արգելքի գործողության ժամկետը չերկարաձգելու վերաբերյալ կառավարության որոշմանը:
«Երբ կառավարությունը որոշեց, որ պետք է հանվեն սահմանափակումները, այդտեղ կային քաղաքական նկատառումներ: Մենք, որպես տնտեսության համար պատասխանատու մարմին, պետք է ուշի ուշով հետևենք և ամեն կերպ պաշտպանենք այն ընկերություններին, որոնք բացվել են վերջին 1 տարվա ընթացքում՝ ի նկատի ունենալով նաև այս սահմանափակումների ներդրումը, և այնպես անենք, որ դրանց կայացումը հանկարծ չվտանգվի, և նրանք ստիպված դուրս չմնան շուկայից»,- ասաց Քերոբյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ թուրքական ապրանքների ներմուծումը կարող է խանգարել տեղական արտադրողների գործունեությանը, Վահան Քերոբյանը նշեց.
«Մենք հետևելու ենք, եթե տեսնենք, որ խնդիրներ կան, և այդ ներդրողների բիզնեսները վտանգված են այն պատճառով, որ իրենց բիզնեսը դեռևս չի կայացել այնքան, որպեսզի կարողանա մրցակցել թուրքական ընկերությունների հետ, անպայման որոշակի ծրագրեր կներդնենք, որ պաշտպանենք նրանց»: