ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 11-ի նիստում քննարկվել է առաջին ընթերցումով:
Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ ներկայացված է փաթեթի լրամշակված տարբերակը: Առաջարկվող կարգավորումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու և լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը:
Որպես դատական սանկցիայի առանձին տեսակ է նախատեսվում իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը, իր դատավարական իրավունքներից օգտվելիս, պարբերաբար չարաշահում է դրանք` վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահի ապահովումը:
Առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդին օժտել դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ` նախատեսելով, որ վերջինիս իրացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: ԲԴԽ դատավոր անդամներին գործերի բաշխման 75 տոկոս նվազեցման փոխարեն առաջարկվում է կիրառել 95 տոկոս նվազեցումը, որը կնպաստի նրանց ծանրաբեռնվածության նվազեցմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Հարակից զեկույցում Արթուր Դավթյանը կոչ է արել կողմ քվեարկել: Պատգամավորը հստակեցրել է, որ դատավարության մասնակցի կողմից դատավարական իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքերում է կիրառվելու իրավունքի իրականացման սահմանափակումը: Նրա խոսքով` նախատեսված դատական սանկցիայի կիրառմամբ իրավունքի սահմանափակում չի լինի:
Կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը և առաջարկել կողմ քվեարկել:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել, մասնավորապես, դատավարության մասնակցի կողմից դատավարական իրավունքներն իրացնելիս դրանք չարաշահելուն վերաբերող դրույթին, ԲԴԽ դատավոր անդամներին գործերի բաշխման 95 տոկոս նվազեցման նպատակահարմարությանը, արդար դատաքննության իրականացմանը:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: