Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն է, օրակարգում ներառված է նաև հանձնաժողովի փոխնախագահ ընտրելու հարցը: Ընդդիմադիրները կրկին բոյկոտում են և լքում դահլիճը:
Քաղաքական մեծամասնությունն էլ այս անգամ հստակ դիրքորոշում է ներկայացնում: Որոշում են կայացրել Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել՝ այն թափուր թողնելով:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Չնայած այս հանգամանքին և ընդդիմության կողմից պարբերաբար հնչող կեղծ պնդումներին, թե իշխող խմբակցությունը ցանկանում է զավթել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վերահաստատում է, որ այս ողջ գործընթացում հետապնդել է բացառապես բնականոն աշխատանքն ապահովելու նպատակ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ՝ իշխող ուժը նման քայլով հնարավորություն է տալիս «Հայաստան» խմբակցությանը իրենց հետ նստել քննարկման ու Արթուր Ղազինյանից բացի այլ թեկնածու առաջադրել:
Այս խնդիրը ոչ միայն պաշտպանության, այլև պետաիրավական հարցերի հանձնաժողովում է քննարկվում: Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, նախադեպը հաշվի առնելով, առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում ամրագրել, որ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի հանձնաժողովում մեծամասնություն ունեցող ուժին:
Վիլեն Գաբրիելյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Այս բացը չկարգավորելու հետևանքը կարող է դառնալ այն, որ ԱԺ ցանկացած հանձնաժողով կարող է բախվել խնդրի և ամբողջ գումարման ընթացքում չունենալ հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Գաբրիելյանի պնդմամբ՝ հանձնաժողովի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավասու խմբակցությունը, անընդհատ նույն թեկնածուին առաջադրելով, չի կարող ստիպել պատգամավորին պարտադրված ընտրություն կատարել: Հակադարձում է «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը:
Արամ Վարդևանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Երկրորդ՝ դուք օգտագործեցիք եզրույթ՝ «ստիպել ընտրել թեկնածու», իսկ հակառակ պարագայում մեծամասնությունը ստիպում է առաջադրել թեկնածու, որովհետև ձեր կարգավորումը հենց այդ տրամաբանության մեջ է:
Վիլեն Գաբրիելյան - «Դոնթի բանաձևով» իրավունք ունեն առաջադրելու թեկնածուի, ինքն էլ՝ որպես ԱԺ պատգամավոր, իր լիազորություններից ելնելով, իրավունք ունի տվյալ թեկնածուին ընտրելու կամ չընտրելու։
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ Արամ Վարդևանյանը և Աննա Մկրտչյանն փոփոխությանը դեմ են, պնդում են՝ ժողովրդավարական չէ: Նրանց հակադարձում է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Չընտրվելու պարագայում նոր թեկնածու է ներկայացվում: «Դոնթի բանաձևը» պահպանվելու է, քանի որ այն խորհրդարանական ժողովրդավարարության կարևորագույն գրավականներից է:
Հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցի շուրջ ընդհանուր եզրակացության այդպես էլ չեկան, պետաիրավական հանձնաժողովի օրակարգում մի շարք այլ հարցեր ևս կան՝ Դատականից մինչև Քաղաքացիական օրենսգիրք, փոփոխությունների լայն շրջանակ է ընդգրկված:
Իսկ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում երկրորդ հարցը «Պաշտպանության ժամանակ զինվորականների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն են: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է զինծառայողի զոհվելու կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում, եթե չկան ծնողները, ամուսինը և զավակները, շահառու ճանաչել քրոջը, եղբորը, տատին և պապին: Սարգսյանն ընդգծում է՝ 16 դեպք գիտի, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցում չի տվել, քանի որ շահառուների ցանկում հարազատները ներառված չեն եղել: Պաշտպանության և անվանգության հանձնաժողովի թե ՛ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորների կողմ ձայներով Հայկ Սարգսյանի նախագիծը կմտնի լիագումար նիստի օրակարգ: