ԲԱՅԴԵՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ԽՈՍՆԱԿԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը և Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց են ունեցել: Քննարկվել են տնտեսական և քաղաքական հարաբերությունների, նաև պաշտպանության ոլորտում գործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման կարևորությունը տարածաշրջանի կայունության և բարօրության համար։ Քալընը նշել է, որ Թուրքիան վճռական է շարունակելու այն դերը, որ ստանձնել է խաղաղության և կայունության միջավայր հաստատելու այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Բալկանները, Կովկասը, Մերձավոր Արևելքը, Կենտրոնական Ասիան և Աֆրիկան։ Համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների շրջանակում զրուցակիցների մտքեր են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի, Ղազախստանում բողոքի ցույցերի, Բոսնիա և Հերցեգովինայում ու Եթովպիայում զարգացումների վերաբերյալ։
ԵՐԿՈՒ ՕՐԻՑ ԿՍԿՍՎԻ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ
ՀԱՊԿ-ի հիմնական առաքելությունն ավարտված է, զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի երկու օրից և կտևի 10 օրից ոչ ավելի՝ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատում՝ Մաժիլիսում: Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ երկրում պետական հեղաշրջման փորձը ձախողվել է, և խոստացել է առաջիկայում ներկայացնել երկրում քաղաքական բարեփոխումների նոր փաթեթ:
Տոկաևի խոսքով՝ հանրապետության բոլոր մարզերում իրավիճակն արդեն կայունացել է։ Նա նշել է, որ Ղազախստանի վրա հարձակման համապարփակ ծրագիր է եղել, որը մշակվել է պրոֆեսիոնալների կողմից։ Իսկ երկրի Ազգային անվտանգության կոմիտեն, ըստ Տոկաևի, չի նկատել սպառնալիքը, մի քանի քաղաքներում բախումների ժամանակ կառույցի ներկայացուցիչները լքել են ծառայության վայրը: Ղազախստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ իրավապահ մարմինները գրեթե 10 հազար մարդ են ձերբակալել երկրում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ:
ԱԼԻԽԱՆ ՍՄԱԻԼՈՎԸ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ալիխան Սմաիլովին նշանակել է Ղազախստանի վարչապետ: Խորհրդարանը միաձայն հաստատել է Սմաիլովին Ղազախստանի վարչապետի պաշտոնում։ Նախկին վարչապետ Ասկար Մամինը և իր կառավարությունը հրաժարական էին տվել հունվարի 5-ին երկրում ընթացող բողոքի ցույցերի և անկարգությունների ֆոնին: Սմաիլովը վարչապետի պաշտոնակատար էր նշանակվել:
ՌԴ-Ն ԵՎ ԱՄՆ-Ը ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԺՆԵՎՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունները Ժնևում հաստատել են, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել և այն չպետք է սանձազերծվի: Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններից հետո Մոսկվան ու Վաշինգտոնը հանդես են եկել հայտարարույթուններով: Ռուսական կողմը հաստատել է, որ առանցքային թեման դեպի Արևելք ՆԱՏՕ-ի չընդլայնման հարցն է եղել. Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքով՝ խնդիրն առաջին անգամ բարձրաձայնվել է ամենայն հստակությամբ: «Ռուսական կողմին անհրաժեշտ են երաշխիքներ, որ Ուկրաինան և Վրաստանը երբեք չեն անդամակցի ՆԱՏՕ-ին. Մոսկվայի հետագա գործողությունները, ինչպես նաև բանակցությունների առաջընթացը կախված է այդ հարցի պատասխանից»,- ասել է փոխարտգործնախարարը և հավելել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև շփումներ չեն նախատեսվում։
Միաժամանակ Ռյաբկովն ընդգծել է, որ ռուսական կողմը հոգնել է դատարկ խոսակցություններ վարելուց։ ԱՄՆ իշխանությունները համաձայն չեն ՆԱՏՕ-ի անդամակցության սահմանափակումների պահանջի հետ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը ռուս-ամերիկյան խորհրդակցությունների արդյունքներով։ «Մենք ոչ մեկին թույլ չենք տա վերջ տալ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, որը միշտ առանցքային է եղել դաշինքի համար», - ասել է նա: Շերմանը նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ առանց Ուկրաինայի ղեկավարության հետ նախնական խորհրդակցությունների որոշումներ կայացնել այդ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։
65 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
65 տարեկանում մահացել է Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին: Եվրախորհրդարանի նախագահի խոսնակ Ռոբերտո Կուիլիոն Թվիթերում գրել է, որ Սասոլին մահացել է Իտալիայի Ավիանո քաղաքում, որտեղ հոսպիտալացվել Էր:«Հուղարկավորության օրվա և վայրի մասին կհաղորդվի առաջիկա մի քանի ժամվա ընթացքում»,- գրել է Կուիլիոն: Սասոլին Եվրախորհրդարանում հայտնվել է 2009 թվականին: Մինչև այդ նա աշխատել է որպես լրագրող մամուլում, հեռուստատեսություններում, համարվել է Իտալիայի ամենահայտնի լրագրողներից մեկը: