Միացյալ Նահանգները շատ լուրջ մոտեցում է ցուցաբերել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին, իրականացրել է դրանց խոր ուսումնասիրություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Ժնևում ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ քննարկումը եղել է բարդ և պրոֆեսիոնալ՝ առանց «սուր անկյունները շրջանցելու փորձերի»: Ռյաբկովը նշել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի բանակցությունները չեն կարող ամիսներ կամ տարիներ տևել: Ըստ ՌԴ ԱԳ փոխնախարարի՝ առաջիկա օրերին ավելի հստակ կլինի, թե արդյոք տեղի կունենա բանակցությունների հաջորդ փուլը, ինչ ձևաչափով և երբ:
«Կարծում եմ, որ Ժնևում անցկացած քննարկումներն օգտակար էին նրանով, որ մենք առաջին անգամ կարողացանք խոսել այն հարցերի շուրջ, որոնք նախկինում «կադրից դուրս էին»: Բոլորն էլ գիտակցում էին, որ դրանք կան, բայց ձևացնում էին, թե այդ հարցերով ավելի լավ է չզբաղվել»,- նշել է դիվանագետը:
Ռյաբկովը նաև հայտնել է, որ Ժնևի բանակցություններում ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում առաջընթաց չի գրանցվել: Նրա խոսքով՝ դա գլխավոր խնդիրներից մեկն է, որից նաև կախված են մյուս հարցերի հետ կապված զարգացումները: