Խաղողի գինուց բացի, այլ մրգերից պատրաստված ալկոհոլային խմիչքներն այլևս չեն կարող գինու անվան տակ արտահանվել ռուսական շուկա: Կարգավորումն ուժի մեջ է մտել այս տարվա սկզբից:
Զարուհի Մուրադյան (Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն) - Ըստ Ռուսաստանի օրենքի՝ արդեն, երբ խանութներում ներկայացվելու են այս տիպի գինիները, իրենք տեղադրվելու են այլ դարակաշարերի վրա, որտեղ գրված է ալկոհոլային ըմպելիք: Ըմպելիքի շարքում են նաև արոմատիզացված ըմպելիքները, և ռուս սպառողը կարող է սխալ ընկալել, որովհետև կընկալվի, որ դա գինի չի, այլ արհեստական արոմատացված ըմպելիք է:
Վերջին տարիներին Հայաստանում զարգանում է մրգային գինիների արտադրությունը, որոնք արտահանվում են հատկապես Ռուսաստան:
Զարուհի Մուրադյան - Մեր մրգային գինիների մոտ 80% տոկոսն արտահանում ենք Ռուսաստան, այլ երկրներ, Լեհաստան, Չինաստան ևս: Եվ սա լուրջ խոչընդոտ կարող է առաջացնել մեզ համար, որովհետև այս գինիների մոտ 80%-ը Ռուսաստանի շուկայում է սպառվում:
Նոր կարգավորման վերաբերյալ գինեգործները տեղեկացել են ավելի քան 1.5 տարի առաջ: Վահագն Գևորգյանին պատկանող ընկերությունը, օրինակ՝ արդեն անցած տարվանից փոխել է մակնշումը, հարմարվել նոր պայմաններին: Գինեգործը, սակայն, վստահ է, նոր կանոնը ֆինանսական խնդիրներ կառաջացնի:
Վահագն Գևորգյան (գինեգործ) - Հայաստանից արտահանված մրգային գինիները ԵԱՏՄ շրջանակներում խանութներում լինելու են ցածրորակ գինիների կողքին, որը կբերի ավելի վատ վաճառքի, կբերի նրան, որ մեզնից գնող ընկերությունները կպահանջեն ավելի էժան գնով ապրանքը մատակարարել, և ընդհանուր շրջանառության կրճատման կբերի:
Տարեկան 350 հազար շիշ խաղողի, նռան և այլ մրգային գինիներ արտադրող ընկերությունն իր խմիչքների մեծ մասն արտահանում է Ռուսաստան, և շուկայից հրաժարվելը խնդրի լուծումը չի համարում: Չի դիտարկում նաև տեղական շուկայում գնի բարձրացման հնարավորությունը:
Վահագն Գևորգյան - Ռուսաստանը մեզ համար առաջնահերթ շուկա է, չի կարելի այդ շուկայից հրաժարվել, անիմաստ է այդ շուկայից հրաժարվելը:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ու արտադրողները գտել են լուծումը, որպեսզի մաքուր հումքից, խմորման եղանակով Հայաստանում պատրաստված նռան գինին նոր կարգավորման շրջանակում չդասվի ցածրորակ ըմպելիքների շարքին: Կմշակվի նռան գինու ազգային ստանդարտ՝ այդպիսով այն դարձնելով հայկական ազգային ապրանքանիշ:
Զարուհի Մուրադյան - Բազմաթիվ անգամ հանդիպել ենք արտադրողների հետ, քննարկել ենք, տեխնիկական հատկորոշիչներն արդեն մշակման փուլում են, մշակում ենք համապատասխան ստանդարտը, որը մեզ հնարավորություն կտա արդեն առաջարկել կատեգորիան ԵԱՏՄ մեր գործընկերներին:
Հայկական նռան գինու նոր ապրանքանիշի անվան համար դիտարկվում է «Գրանատուս» տարբերակը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան