Նոր տարում Արցախի կառավարությունը տնտեսվարողներից հարկային կարգապահություն է ակնկալում: Հրավիրած խորհրդակցությանը նախագահ Արայիկ Հարությունյանը հիշեցրել է՝ հետպատերազմական շրջանում հարկային արտոնություններ գործադիրն արդեն սահմանել է:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Իրավունք չունեն այսօր որևէ հիմնավորում բերելու հարկերից խուսափելու կամ չարաշահելու, կամ ստվեր ապահովելու առումով:
Եթե տեղական ձեռնարկությունները մատչելի գին են առաջարկում, նախապատվություն կտրվի նրանց: Գործընթացում պետական գերատեսչությունները պետք է խուսափեն մեկ աղբյուրից գնում կատարել՝ նախագահի հանձնարարականն է:
Արայիկ Հարությունյան - Պետական մի լումայի չարաշահման առումով պատասխան են տալու բոլորը:
Պետական միջոցների չարաշահումներից խուսափելու նպատակով վերահսկողական գործառույթ իրականացնող մարմինները ուժեղացված ստուգումներ կիրականացնեն ամբողջ տարվա ընթացքում: Խոշորացույցի տակ են հատկապես քաղաքաշինության, առողջապահության ոլորտներն ու գնումների գործընթացը:
Արայիկ Հարությունյան - Եթե որևէ տեղ լինի միջնորդություն, մանավանդ պետական պաշտոնյայի կողմից, դա լինելու է տվյալ պաշտոնյայի հետ մեր համատեղ ծառայության, համատեղ աշխատանքի վերջը:
Շարունակելով միջնորդությունների թեման՝ Արցախի նախագահը նշել է, որ տեխհսկիչները շատ դեպքերում ունենում են շինարարական ընկերություններ: Արայիկ Հարությունյանը քաղաքաշինության նախարարին հանձնարարել է լուծել խնդիրը:
Արայիկ Հարությունյան - Ընտրություն կատարեն՝ կա՛մ տեխհսկողություն, կա՛մ շինարարություն:
Հիմա, եթե նրանց տրվող աշխատավարձը բավարար չէ այս աշխատավարձերի բարձրացումից, պարգևատրումների համակարգ ունեն նաև, մենք կգտնենք այլ տեխհսկիչներ:
Արայիկ Հարությունյանը կոչ է անում խնդիրների դեպքում ահազանգել թեժ գիծ: