Հունվարի 10-ի առավոտյան Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատի Իսահակյան փողոցում բնակվող 64-ամյա մի տղամարդ տանը ապօրինի զենք-զինամթերք ունի։
Նույն օրը՝ ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները զննել են տղամարդու տունն ու օժանդակ շինությունները։ Նրանց տեղեկությունները հաստատվել են։ Տարբեր հատվածներում հայտնաբերվել են «Ֆ-1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչով, և ինքնաձիգի փամփուշտներ, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ Արտաշատի ոստիկանների ձեռնարկած պրոֆեսիոնալ միջոցառումներն արդյունք տվեցին նաև հունվարի 11-ին։ Այս դեպքում բաժնի քրեական հետախույզները հավաստի տեղեկություններ են ստացել, որ Ոստան գյուղում բնակվող 55-ամյա մի տղամարդ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Առավոտյան ստացված տեղեկությունն իրացվեց ժամեր անց։ Նրա տան զննությամբ Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված ընդհանուր 54 փամփուշտով, և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 900-ից ավելի փամփուշտ։ Հայտնաբերվել է նաև առանց փաստաթղթերի գազային ատրճանակ։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։
Հանգամանքները պարզվում են։