1 տրիլիոն 586.9 մլրդ դրամ. սա 2021 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների և տուրքերի ցուցանիշն է: Բյուջեով նախօրոք հաստատված ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 10 տոկոսով:
Բյուջեով հաստատված ցուցանիշն ավելի քան 1 տրլն 440 մլրդ դրամ էր (1 տրլն 440.1 մլրդ), չնայած տարվա ընթացքում ելնելով հարկեր և տուրքեր հավաքելու ակտիվությունից՝ ցուցանիշը վերանայվել էր ընդհուպ մինչև 1 տրլն 571.5 մլրդ դրամ, ինչը փաստացիորեն ևս գերազանցվել է:
Նախորդ տարվա բյուջեն գերազանցում է թե՛ 2020-ի, թե՛ 2019-ի և 2018-ի ցուցանիշները՝ համապատասխանաբար 14.6, 8.4 և 26.1 տոկոսով: Տարեվերջի կառավարության նիստում այս թեմային անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Երբ որ մենք նախորդ տարի ընդունում ենք հաջորդ տարվա բյուջեն, մենք դնում ենք եկամուտների նշաձող, երբ որ մենք ընթացքում գերակատարում ենք, եկամուտների նշաձողը զուգահեռ բարձրացնում ենք, որպեսզի այդ գումարները բյուջեում հաշվառվի, որպեսզի նաև այդ գումարները ծախսենք: Այսինքն՝ այս 146 մլրդ դրամն ավել է՝ 2020 թվականի աշնանն Ազգային ժողովում ընդունված բյուջեի մասին օրենքում արձանագրված ցուցանիշի նկատմամբ, հետո մենք ինչքան հավաքում ենք, այդ ցուցանիշը կառավարության որոշումներով բարձրացնում ենք:
Հարկային վարչարարության բարելավում և գնաճ. տնտեսագետների գնահատմամբ՝ սրանք այն հիմնական գործոններն են, որոնք ազդել են հարկային եկամուտների սպասվածից ավելի մեծ աճի վրա:
Սոս Խաչիկյան, տնտեսագետ - Եթե հաշվի առնենք անցած տարվա իրադարձությունները, եթե հաշվի առնենք այն նախապայմանները, որ եղել են 2021 թվականին, այսինքն՝ ի նկատի ունեմ պատերազմի անմիջապես հաջորդող ժամանակահատվածը, այո՛, կարելի է ասել, որ դա բավականին մեծ ցուցանիշ է:
Հարկային եկամուտներն ավելի արագ են աճում, քան տնտեսությունը, սա փոքր ինչ այլ ֆենոմեն է՝ նկատում են մասնագետները, ընդգծում՝ պատճառն ստվերի մակարդակի նվազումն է:
Սոս Խաչիկյան - Եթե մենք հիմնվում ենք նաև այն փաստի վրա, որ եկամուտների ավելացումն արդյունք էր հարկային վարչարարության որոշ առումով, դա կնշանակի, որ որոշակի չափով ստվերից դուրս եկած բիզնեսի հաշվին է նաև այս աճը գրանցվել: Այդ առումով կարող ենք, այո՛, ֆիքսել, որ դեռևս ունենք անելիքներ վարչարարության մասով, և այդ շրջանակում դեռևս հետագա տարիներին աճ կարող է ապահովել:
Էականորեն աճել է նաև եկամտային հարկի հիփոթեքի վերադարձված գումարը՝ 22.7 մլրդ դրամ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան