ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության հեղինակներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանն ու Կնյազ Հասանովն առաջարկում են լրացնել օրենքում առկա բացերը` կապված ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության վկայագրման ու ճանաչման հետ:
Սիսակ Գաբրիելյանը պարզաբանել է, որ նախագծով առաջարկվում է պայմաններ ստեղծել` ճանաչելու համար քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը: Այսինքն՝ պարզաբանել է Սիսակ Գաբրիելյանը, եթե անձը որևէ մասնագիտությամբ ֆորմալ կրթություն չի ստացել, սակայն լավ խոհարար կամ վարսահարդար է, ապա նա հնարավորություն կունենա ստանալու հավաստագիր կամ վկայական` տվյալ մասնագիտությանը տիրապետելու վերաբերյալ և աշխատել այդ մասնագիտությամբ:
Գործող օրենքով ոչ ֆորմալ կրթությունը կրթության լրացուցիչ ուսուցման ծրագիրը կամ ծրագրերի ամբողջությունն է, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասությունն ունեցող կազմակերպության և կամ ծառայության միջոցով, սակայն չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման և ուսումնառության արդյունքների պաշտոնական ճանաչման` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Ինֆորմալ կրթությունն անձի առօրյա և ընտանեկան կյանքի, հանգստի, ժամանցի, աշխատանքային գործունեության և այլ տարբեր գործողությունների արդյունքում ձեռք բերված ուսումնառության արդյունքներն են, որոնք, որպես կանոն, կանխամտածված չեն անձի կողմից որպես նպատակային ուսումնառություն, կազմակերպված և համակարգված չեն ժամանակի կամ ռեսուրսների առումով, չեն հանգեցնում արդյունքների պաշտոնական ճանաչման` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Հեղինակների կարծիքով` նախագծի ընդունումը կնպաստի, որ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք տիրապետում են որոշակի մասնագիտական հմտությունների, աշխատանք գտնեն:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ու առաջարկները, կարևորել նախաձեռնության ընդունումը:
Հանձնաժողովի անդամները ներկայացրել են առաջարկներ:
Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկել Ազգային ժողովի` հունվարի 17-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում: