Երևանի թիվ 163 հիմնական դպրոցում կրքերը չեն հանդարտվում: Նախկին տնօրեն Նարինե Վարդերեսյանը մոտ մեկ տարի դպրոց չի մտնում, բայց պայքարում է, որ նորից տնօրեն դառնա, մինչդեռ մանկավարժների մի մասը չի ուզում տեսնել նրան: Ասում են՝ իր ղեկավարած 5 տարում լարված մթնոլորտում են աշխատել, բազմաթիվ ապօրինություններ տեսել:
Ծովինար Խասապետյան (ուսուցիչ) - Մարտ ամսից սկսած մենք դիմել ենք քաղաքապետարան, գոնե մեկ անգամ մեր դպրոցում կազմակերպվեր ֆինանսական ստուգում՝ աուդիտ, որպեսզի այն թերությունները, որոնք մենք մատնանշել էինք, գոնե դրանց ուշադրություն դարձնեին:
Ուսուցիչների խոսքով՝ նախկին տնօրենը աշխատանքի է ընդունել մարդկանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել, օրինակ՝ պնդում են, որ հաշվապահի հետ հանցակցությամբ տնօրենն իր որդուն և նրա ընկերներին աշխատանքի է ընդունել՝ որպես պահակ։
Անահիտ Բաբայան (ուսուցիչ) - Մեզնից որևէ մեկը էդ մարդուն չի տեսել, ինքը ստացել ա պարգևավճարներ, հայտարարեց, որ մենք չունենք համապատասխան ֆինանսավորում, հրամանով էդ օրը մեզնից կտրեցին դասղեկական վճարները, իսկ էդ մարդը, ով դպրոց չի հաճախել, նույն օրը հաջորդ հրամանով ստացել ա պարգևավճար:
Վարդերեսյանը մեղադրանքները չի ընդունում, պատմում է, որ 5 տարի առաջ դպրոցն ընդունել է աղետալի վիճակում՝ կեղտոտ, քանդված: Թե ինչու մանկավարժների մի մասը չի ցանկանում իր հետ աշխատել, ասում է՝ ուղղորդում կա: Թե ո՞ւմ կողմից՝ ինքն էլ չգիտի: Հարցին՝ օրենք չի՞ խախտել, երբ աշխատանքի է ընդունել որդուն և նրա ընկերներին, պատասխանում է.
Նարինե Վարդերեսյան (163-րդ հիմնական դպրոցի նախկին տնօրեն) - 4 պահակ են, իրենց ասելով՝ 3-ը չեն աշխատել, մենակ մեկն ա աշխատել, այսինքն՝ պահակություն ո՞վ ա արել: Ես շահագրգռված չեմ, որ էդ աթոռը ստանամ, ուղղակի ես իմ աշխատանքի արդյունքն եմ ուզում տեսնել, չէ՞ որ դպրոցը պետության կողմից ունեցել էր 21 միլիոն պարտք, և դա փակվել է:
Դպրոցի նախկին տնօրենը աշակերտներին երթուղայինով դպրոց տեղափոխելու և վերանորոգում կատարելու պատրվակով 2017-2020-ն ընկած ժամանակահատվածում 38 ուսուցչից իրենց ստացած աշխատավարձից և աշակերտների ծնողներից յուրաքանչյուրից ամեն ամիս գումար է հավաքել:
Անահիտ Բաբայան - Իր հետ մեկտեղ կոլեկտիվով որոշեցինք, որ ամեն աշխատավարձից ամեն ուսուցիչ 5000 դրամ, մարդ կար, ով շատ ժամեր ուներ՝ 7000 դրամ հավաքում էինք, որպեսզի դպրոցում վերանորոգման աշխատանքներ կատարվեն, ու էդ գումարը հավաքվել ա 2-3 տարի: Արդյունքում մենք հասկացանք, որ էդ գումարը չի ծախսվում ըստ նպատակի:
Դպրոցի նախկին տնօրենը պնդում է՝ հավաքված գումարը ծախսել է սանհանգույցը, տանիքներն ու տարրական դասարանների մասնաշենքը վերանորոգելու համար:
Նարինե Վարդերեսյան - Երկու տարի են իրենք տվել, և թող լինի 2 միլիոն, լավ, թող 3 միլիոն լինի, բայց մեկ սանհանգույցը եղել է միլիոն 500 հազար:
Դպրոցի տնօրենի չորրորդ ընտրությունը հունվարի 4-ին էր, ու նորից՝ տնօրեն չընտրվեց, լիազոր մարմնի՝ քաղաքապետարանի որոշմամբ էլ 9 հոգանոց խորհուրդը ցրվեց: Նարինե Վարդերեսյանը մասնակցելու է նաև հինգերորդ մրցույթին ու չի հանձնվելու: Իրեն ոստիկանություն դեռ չեն կանչել.
Նարինե Վարդերեսյան - Ես հլը չգիտեմ՝ իրենք գործը հարուցե՞լ են, թե՞ չեն հարուցել: Անգամ, պատկերացրեք՝ իրենք էնպիսի բան էին արել, մրցույթի օրը իրենք քննիչին բերել էին դպրոց, քննիչը արտահայտվել էր, որ իմ վրա քրեական գործ ա հարուցված:
Երևանի քաղաքապետարանից պարզաբանեցին` դպրոցի տնօրենի ընտրությունը վերապահված է բացառապես կառավարման խորհրդին, որի աշխատանքները որպես լիազոր մարմին քաղաքային իշխանությունը համարում է ոչ արդյունավետ: Քաղաքապետարանը նախաձեռնելու է կառավարման խորհրդի նոր ընտրություն, և, ենթադրաբար, մարտին նոր խորհուրդը կընտրի դպրոցի տնօրեն: