Հունվարի 11-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրված նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է, որ Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության մեթոդաբանության և դրա իրականացման առաջավոր փորձի փոխանակման նպատակով համագործակցի արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող բարձրագույն աուդիտորական մարմինների և նրանց միջազգային կազմակերպությունների հետ:
Օրինագծով Հաշվեքննիչ պալատի անդամները և հաշվեքննողները գործելու են միայն օրենքով իրենց վերապահված գործառույթների շրջանակում, չեն կարող տարածել իրենց հասանելի` օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվությունը, պետք է ունենան համապատասխան որակավորումներ և գիտելիքներ:
Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է բովանդակային և խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են հիմնական զեկուցողի կողմից:
Հարակից զեկուցողներ` ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանն ու ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը գործընկերներին կոչ են արել կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: