Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը ոչ այնքան լարված է: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
«Վերջին ժամանակաշրջանում սահմանային իրավիճակը ոչ այդքան լարված է, սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել որոշակի լարվածություն: Միայն մի բան կփաստեմ. տևական ժամանակ անընդհատ նույն հորդորով եմ հանդես գալիս, որ պետք է հետևել պաշտոնական լրահոսին:
Համոզվել եք, որ որևէ գաղտնիք չի պահվել հասարակությունից: Գուցե մեկի գնահատմամբ՝ մի փոքր ուշ է եղել, մյուսի գնահատմամբ՝ օպերատիվ, բայց մենք տեղեկատվությունը տրամադրել ենք, և ամեն ինչի մասին հանրությունն իրազեկվել է»,- ասաց Սարգսյանը:
Արման Սարգսյանը պատասխանեց նաև Ղազախստան հայկական ստորաբաժանում ուղարկելու մասին հարցին ու նշեց, որ այնտեղ մեկնած մեր զինվորների թիվն այնքան չէ, որ փոփոխություն լինի մեր սահմանին զինվորների թվաքանակի առումով:
«Դրանում որևէ ռիսկային խնդիր չկա, որովհետև մեր թվաքանակն այնպիսին չէ, որ այդ 100 զինծառայողի բացակայությունը ինչ-որ փոփոխություն ենթադրի սահմանային լարվածության առումով»,- ասաց Սարգսյանը: