Առողջապահության և էկոնոմիկայի նախարարները կորոնավարակի դեմ պատվաստվեցին երրորդ դեղաչափով: Անահիտ Ավանեսյանը «Մոդեռնա» ստացավ:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Ինչպես գիտեք, պատվաստումը ստանալուց 6 ամիս անց պետք է իրականացնել երրորդ դեղաչափը, որպեսզի ավելի ամրացնենք իմունային պաշտպանական շերտը:
Նախարարը հաստատեց՝ կան երկրներ, որոնք վարակի «Օմիկրոն» ենթատեսակի ակտիվ շրջանառության պատճառով չեն սպասում 6 ամիս և խթանիչ դեղաչափն իրականացնում են 4 ամիսը լրանալուց հետո, այնպես որ, ավելի վաղ ժամկետում երրորդ դեղաչափը ստանալը վտանգավոր չէ: 6-ից ավելի ամիսներ հետո էլ երրորդ դեղաչափի արդյունավետությունը չի նվազում: Նախարարը չբացառեց, որ Հայաստանի բնակչությանը հետագայում կարող է նաև երկրորդ անգամ առաջարկվել խթանիչ դեղաչափ:
Անահիտ Ավանեսյան - Որովհետև, ցավոք սրտի, դեռ շտամները շրջանառվում են, անընդհատ նորանոր փոխակերպումներ ենք ունենում, հիմա «Օմիկրոնից» հետո արդեն իսկ հայտնաբերվել են մի քանի շտամներ, որոնք կտեսնենք՝ կշրջանառվե՞ն, թե՞ կմնան կլաստերային դեպքեր, բայց «Օմիկրոնի» դեպքում մենք տեսանք, թե ինչ կայծակնային արագությամբ տարածվեց:
Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ծանրության առումով «Օմիկրոնը» մի քանի անգամ զիջում է դելտա շտամին, բայց սա, ըստ նախարարի, չի նշանակում, որ պետք է զգոնությունը թուլացնել:
Անահիտ Ավանեսյան - Երբ դեպքերը կայծակնային աճում են, առողջապահական համակարգը այնքան է ծանրաբեռնվում, որ, իսկապես, բժշկական օգնության հնարավորությունն է սահմանափակվում, և այս դեպքում էլ մենք ունենում ենք շատ մեծ խնդիրներ:
Ի դեպ, Հայաստանում վերջերս սկսել է արտադրվել ռուսական «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր փորձարկեց տեղական արտադրանքը:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Որոշեցի փորձել այս պատվաստանյութը, փորձել ասելով՝ բնականաբար ոչ համ կա, ոչ հոտ կա, ընդամենը զգացողությունների հարց է, որը հետո կունենանք: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի: Որևէ բան չի գնում մարդկանցից, ուղղակի պետք է այցելել, հանգիստ պատվաստվել, գնալ իրենց գործերին, նորմալ ապրել, առանց վախենալու:
Քերոբյանն ավելի վաղ խոսել էր «Սպուտնիկ լայթի» արտահանման ծրագրերի մասին: Հետաքրքրվեցինք՝ ինչ փուլում է այդ աշխատանքը:
Վահան Քերոբյան - Հիմա քննարկումների մեջ ենք մեր ռուս գործընկերների և նաև արտահանվող շուկաների գործընկերների հետ, որպեսզի հնարավորություն ունենանք արտահանել: Այստեղ խնդիրն այն է, որ արտահանման գործընթացում շատ կարևոր է ռուսական կողմի համաձայնությունը, քանի որ ապրանքային նշանի, մտավոր սեփականության տերը հենց Ռուսաստանն է:
Համաձայնությունը, կարծում է՝ կստանան, երբ պատրաստի գործարքներ ունենան մի քանի երկրի գործընկերների հետ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան