ՀԱՊԿ-ի հիմնական առաքելությունն ավարտված է, զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի երկու օրից և կտևի 10 օրից ոչ ավելի: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատում՝ Մաժիլիսում:
Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ երկրում պետական հեղաշրջման փորձը ձախողվել է, և խոստացել է առաջիկայում ներկայացնել երկրում քաղաքական բարեփոխումների նոր փաթեթ: Տոկաևի խոսքով՝ հանրապետության բոլոր մարզերում իրավիճակն արդեն կայունացել է։
Նա նշել է, որ Ղազախստանի վրա հարձակման համապարփակ ծրագիր է եղել, որը մշակվել է պրոֆեսիոնալների կողմից։ Իսկ երկրի Ազգային անվտանգության կոմիտեն, ըստ Տոկաևի, չի նկատել սպառնալիքը, մի քանի քաղաքներում բախումների ժամանակ կառույցի ներկայացուցիչները լքել են ծառայության վայրը: