ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ներկա է եղել «Ընտրական համակարգերի միջազգային հաստատության» հայաստանյան գրասենյակի («Այ Էֆ Ի Էս») և ՀՀ մի շարք բուհերի միջև «Ներգրավված քաղաքացի» ուսումնական դասընթացի ներդրման վերաբերյալ հուշագրի ստորագրման միջոցառմանը:
Դասընթացը, որը 2021 թվականին մեկնարկել էր հայաստանյան հինգ համալսարաններում, այս տարի կներառվի ևս վեց բուհերում` Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Գորիսի պետական համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Երևանի ‹‹Հայբուսակ›› համալսարանում:
Ըստ փոխնախարարի՝ դժվար է գերագնահատել քաղաքացիական կրթության դերը ժողովրդավարական զարգացման ուղիով ընթացող երկրի համար, երբ պետական ինստիտուտների, ժողովրդավարական մեխանիզմների շարունակական զարգացումը, պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերների լուծումը ենթադրում է ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և ներգրավվածություն:
«Այս գիտակցումն է դրված կրթության համակարգի հիմքում՝ անկախ դրա ձևաչափից: Ֆորմալ կրթության համակարգում ներկայում ներդրվող հանրակրթական պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների հիմքում դրված է քաղաքացիական ու ժողովրդավարական կարողունակությունների զարգացումը: Որպես վերջնարդյունք՝ ակնկալում ենք, որ սովորողը ոչ միայն իրազեկ կլինի մասնակցության ֆորմալ գործընթացներին, այլև պատրաստ կլինի իրական կյանքում իրացնելու իր իրավունքներն ու պարտականությունները, ստանձնելու պատասխանատվություն և դառնալու տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացի ակտիվ մասնակիցը: Բարձրագույն կրթության համակարգում ևս կարևոր է կարողունակությունների զարգացումն առանձին դասընթացների միջոցով, և ուրախ ենք, որ «Ներգրավված քաղաքացի» ծրագիրը հաջողությամբ անցավ փորձնական փուլը, որի արդյունքում վեց բուհ ևս միանում է նախագծին»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ուրախությամբ փաստելով, որ ծրագիրն ուղղված է ոչ թե առանձին մասնագիտություններով սովորողներին, այլ ողջ ուսանողական հանրությանը:
«Ուրախ եմ, որ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությամբ այս ծրագիրը մշակվել է ակադեմիական մոտեցումների վրա հիմնված մեթոդաբանությամբ և իր բնույթով, այդ թվում՝ ինտերակտիվ ուսուցմամբ, համահունչ է ուսանողակենտրոն կրթության կազմակերպման մոտեցումներին և քաղաքականությանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը: Նա հույս է հայտնել, որ հետագայում ծրագիրը կընդլայնվի և զարգացում կապրի ողջ բուհական համակարգում:
Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև «Այ Էֆ Ի Էս» հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ջուլի Պեկովսկին և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը:
Դասընթացը, որն արդեն գործում է հինգ բուհում՝ Երևանի, Շիրակի, Վանաձորի պետական համալսարաններում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում, հնարավորություն կտա դասավանդման նորարարական մոտեցման միջոցով ուսանողներին ներկայացնելու ժողովրդավարական կառավարման, քաղաքացիական հասարակության և մասնակցության, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները՝ կիրառելով ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդներ։ Այն ուսանողներին հասանելի կլինի որպես ընտրովի դասընթաց կամ, ըստ բուհի որոշման, ընտրովի կրեդիտային դասընթաց և բաղկացած կլինի ՀՀ իրականությանը հարմարեցված քաղաքացիական կրթության թեմաներից: Կկիրառվեն ուսուցման լսարանային ինտերակտիվ մեթոդներ՝ որպես ընտրողների կրթության և քաղաքացիական իրազեկման ժամանակակից մոտեցումներ: Սոցիալական հիմնահարցերի վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով ուսանողները կներգրավվեն նաև արտաուսումնական գործունեության, ինչպես նաև հանրային ծառայության մեջ, ինչը համայնքներում կարևոր նշանակություն ունի: Արդյունքում՝ դասընթացի շրջանակում ուսանողները կզինվեն այնպիսի գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են արդյունավետ ներգրավման, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման համար։