Եվս մի քանի տարի, և Գեղարքունիքի մարզի Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր համայնքները կդառնան Հայաստանի զբոսաշրջային այցեքարտերից: «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը իրականացնելու է տարածաշրջանի զարգացման ծրագիր: Այս համայնքներում հիմա բնակվում է մոտ 11 հազար բնակիչ: 34 հազար հեկտարի վրա իրականացվելու են ևս 24000 բնակիչների համար նախատեսված ենթակառուցվածքների, շենք-շինությունների կառուցապատում, էկոտուրիզմի, գյուղատնտեսական արժեշղթայի ստեղծում:
«Գագարին» նախագիծը հնարավորություն կտա ձևավորելու զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ: Նախագծի ընդհանուր կոնցեպտը հիմնադրամի պատվերով մշակել է «Էմ Վի Առ Դի Վի» միջազգային հեղինակավոր ճարտարապետական խումբը:
Վինի Մաաս (MVRDV-ի հիմնադիր) - Ստեղծվելու են ժամանակակից լուծումներով էներգետիկ, գյուղատնտեսական, քաղաքաշինական և զբոսաշրջային ենթակառուցվածքներ: Կառուցվելու են նաև մշակույթի և արվեստի կենտրոններ:
Մեծ տեղ է հատկացվելու էկոլոգիային և ջրային ռեսուրսներին: Նախատեսվում է վերականգնել Հրազդան գետի հունը, լեռնային ջրամբարներն ու ջրի այլ աղբյուրները օգտագործել գյուղատնտեսական հողերի ոռոգման համար:
Վինի Մաաս - Տարածաշրջանը մեծ ռեսուրս ունի: Սա ինքնաբավ, փակ էկոհամակարգ է լինելու: Կենսաբազմազանության խթանումը, ջրային ռեսուրսների կառավարման և էկոհամակարգի բարելավումը կարևոր են Գագարին հովտի ապագայի համար:
Ծրագիրը կնպաստի նաև գյուղական համայնքների բնակիչների կյանքի որակի բարելավմանը։ Թե որքան գումար կծախսվի, հիմնադրամը դեռ չի բացահայտում: Ծրագրի իրականացմանն աջակցում է կառավարությունը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան