ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի նիստում առաջին ընթերցումով քննարկել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածը սահմանում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրությունների կարգը: Գործող կարգավորմամբ՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու: Օրենքով հստակ կարգավորված չէ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգը:
8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տևական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ: Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, որին հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում: Օրենսդրական բացը չկարգավորելու հետևանք կարող է դառնալ այն, որ ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել նույն խնդրին և ամբողջ գումարման ընթացքում չունենալ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Առաջարկվում է օրենքի 138-րդ հոդվածը լրացնել նոր՝ 11.1-րդ մասով, որով եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը կարծիք է հայտնել, որ օրենսդրական բացը կարգավորելու անհրաժեշտություն կար, ինչը և առաջարկում է հեղինակը:
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ Արամ Վարդևանյանը և Աննա Մկրտչյանն առաջարկվող կարգավորմանը դեմ են արտահայտվել՝ դա համարելով ոչ ժողովրդավարական քայլ: Արթուր Դավթյանն ու Արփինե Դավոյանն էլ օրենսդրական բացի կարգավորման հիմնավորումներ են ներկայացրել և կարևորել նախագծի ընդունումը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ նախագծով չկա որևէ սահմանափակում, որով եթե մարդը չընտրվի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ապա այլևս երբեք չի կարող առաջադրվել այդ պաշտոնում: Չընտրվելու պարագայում նոր թեկնածու է առաջադրվելու: Ըստ նրա՝ Դոնթի բանաձևը պահպանվելու է, քանի որ այն խորհրդարանական ժողովրդավարարության կարևորագույն գրավականներից է:
Օրենսդրական առաջարկն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը: