Ռուսաստանի ներկայացուցիչների հետ անկեղծ և ազնիվ բանավեճ ենք անցկացրել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, Ժնևում Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում ԱՄՆ գլխավոր բանակցող Ուենդի Շերմանը:
«Միացյալ Նահանգները պատրաստ էր լսել Ռուսաստանի մտահոգությունները անվտանգության ոլորտում և կիսվել իր սեփական մտահոգություններով: Մենք նաև մի շարք գաղափարներ ենք ներկայացրել, ըստ որոնց՝ երկու երկրները կարող են ձեռնարկել փոխադարձ գործողություններ, որոնք կհամապատասխանեն մեր անվտանգության շահերին և կբարելավեն ռազմավարական կայունությունը»,- նշել է դիվանագետը։
Շերմանի խոսքով՝ Միացյալ Նահանգներն առաջարկել է շուտով նոր հանդիպում անցկացնել՝ շարունակելու երկկողմ հարցերի համակողմանի քննարկումները:
ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայն են, որ միջուկային պատերազմում որևէ մեկը չի կարող հաղթել և նման պատերազմ չի կարելի սկսել՝ նշել է ԱՄՆ փոխնախարարը: Նա վերահաստատել է, որ ԱՄՆ-ը չի կարող Եվրոպայի, այդ թվում՝ Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ ընդունել՝ առանց նրանց մասնակցության:
«Մենք հաստատակամորեն հրաժարվել ենք անվտանգության վերաբերյալ առաջարկներից, որոնք Միացյալ Նահանգների համար մեկնարկային կետ չեն հանդիսանում։ Մենք որևէ մեկին թույլ չենք տա փակել ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունը, որը միշտ կենտրոնական տեղ է զբաղեցրել Հյուսիսատլանտյան դաշինքում»,- նշել է Շերմանը։