Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց 20 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի վերաբացված գործով դատաքննությունը: Ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ հիմա, մեղադրյալը Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից Կուկու մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանն է։ Հեղափոխությունից հետո դատախազությունը գործի վերանայման վարույթ էր հարուցել ականատես վկաների, մասնավորապես՝ Սթիվեն Ջոն Նյուտոնի վկայությունների հիման վրա, որից հետո բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ դատավճիռը բեկանելու պահանջով, ինչը բավարարվել է։ Ըստ դատախազության՝ նոր հանգամանքները վկայում են Պողոսյանի՝ ոչ թե անզգուշությամբ, այլ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ սպանության մասին։
Այսօրվա նիստին մեղադրող դատախազը հրապարակեց 2001 թվականի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Խոսքը հենց այն մեղադրանքի մասին է, որով Աղամալ Հարությունյանը նախկինում դատապարտված է եղել 2 տարվա ազատազրկման, սակայն մեկ օր անգամ անազատության մեջ չի եղել:
Հայկ Խաչատրյան, մեղադրող դատախազ - Նա հանդիսանալով Ազգային անվտանգության նախարարության աշխատակից՝ «Առագաստ» սրճարանից ՀՀ նախագահին և վերջինիս հյուրերին ուղեկցելու ընթացքում լսելով սրճարանի հաճախորդ Պողոս Պողոսյանի անպարկեշտ արտահայտությունները՝ քիչ անց վերադարձել է այնտեղ ու տեսնելով, որ վերջինս վիճաբանում է իրեն կարգի հրավիրող նույն նախարարության աշխատակից Գուրգեն Արսենյանի և այլ քաղաքացիների հետ, մոտեցել է նրան, կարգի հրավիրել, ապա նրանց հետ մտել սրճարանի զուգարան, որտեղ փոխադարձ քաշքուկի և հարվածների ընթացքում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:
Աղամալ Հարությունյանը, սակայն, հայտարարեց, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ չէ: Մեղադրող դատախազն ու դատավոր Կարեն Ֆարխոյանն էլ մի քանի անգամ պարզաբանեցին:
Աղամալ Հարությունյան, ամբաստանյալ - Ոչ մի նորություն չկա, այսինքն՝ ես ինչ հասկանամ, պարոն դատավոր, եթե մենք գիտենք այդ ամենը, ԱԱԾ աշխատող եմ եղել, ապահովել եմ անվտանգությունը, Պողոս Պողոսյանն անզգույշ հրումով մահացել է, ընկել է, գլուխը խփել, դա գիտենք: Նորություն կա՞, ես իմանամ, թե ինչ եմ արել, ինչն է փոխվել:
Երկարատև պարզաբանումից հետո Աղամալ Հարությունյանը, ինչպես 2001-ին, այնպես էլ հիմա հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը: Նրա պաշտպան Ռոբերտ Բեջանյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության հիմքով դադարեցնել և գործի վարույթը կարճել: Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել՝ նշելով, որ դրան կանդրադառնա մինչև այս գործով դատական ակտի կայացումը: Դատական նիստը մեկ ամսով հետաձգվեց:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան