Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները պետական հեղաշրջման փորձ էին: Այս մասին նա ասել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում՝ հաղորդում է ТАСС-ը։
Ըստ նրա՝ Ղազախստանում անկարգությունները պատրաստվել են երկար ժամանակ և սկսվել են «միասնական հրամանով»։
Տոկաևը հայտարարել է նաև Ղազախստանում անկարգություններին ահաբեկիչների անմիջական մասնակցության մասին, այդ թվում՝ օտարերկրյա զինյալների, որոնք գործել են առանձնակի դաժանությամբ. երկու իրավապահ գլխատվել է։ «Ղազախստանն ավելի ուշ աշխարհին կներկայացնի ահաբեկչական ագրեսիայի նախապատրաստման ապացույցներ»,- ընդգծել է Տոկաևը։
Նախագահը վստահեցրել է, որ Ղազախստանում զինված ուժեր երբեք չեն օգտագործվել և չեն կիրառվի խաղաղ ցուցարարների դեմ։
Տոկաևը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՀԱՊԿ անդամ երկրների մյուս ղեկավարներին՝ հանրապետությունում ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում ցուցաբերած օգնության համար: Ըստ նրա՝ ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի առաքելությունը արդիական ու արդյունավետ է:
ՀԱՊԿ հանդիպման ժամանակ Տոկաևն առաջարկել է օպտիմալացնել ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ժամկետները։