Աշխարհի լավագույն թենիսիստ սերբ Նովակ Ջոկովիչը, որի ավստրալական վիզան անցյալ շաբաթ չեղարկվել էր այդ երկրի բաց առաջնություն ժամանելուց հետո՝ օդանավակայանում կորոնավիրուսի դեմ պատվաստում չունենալու պատճառով, շահել է Մելբուռնի դաշնային դատարանի դատը՝ գրում է Euronews-ը։
Հակառակ բազմաթիվ կանխատեսումների՝ դատարանը որոշել է, որ թենիսիստին չպետք է վտարեն Ավստրալիայից: Դատավոր Էնթոնի Քելլին, որը վարում էր գործը, Ավստրալիայի կառավարությանը նաև հանձնարարել է հոգալ թենիսիստի դատական ծախսերը։
Ջոկովիչի սերբ և այլազգի երկրպագուները ցնծությամբ են ընդունել դատարանի որոշումը, որը, սակայն, կարող է վերջնական չլինել: Ավստրալիայի ներգաղթի նախարարությունը պահպանում է մարզիկի վիզան չեղյալ հայտարարելու իրավունքը։ Այս դեպքում աշխարհի ներկայիս առաջատար թենիսիստը և Ավստրալիայի բաց առաջնության իննակի չեմպիոնը կզրկվի նախորդ տարվա տիտղոսը պաշտպանելու հնարավորությունից։
Մինչև դատական նիստը թենիսիստը չորս օր անցկացրել է ներգաղթյալների համար նախատեսված հյուրանոցում, որը հայտնի է իր վատ պայմաններով:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայրենակցի նկատմամբ գործողություններն անվանել է «քաղաքական ահաբեկչություն» նրանց կողմից, ովքեր չեն կարող Ջոկովիչին հաղթել թենիսի կորտում:
Ավստրալիայի բաց առաջնությունը տեղի կունենա հունվարի 17-30-ը։