ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՍԳՈ ՕՐ Է
Հունվարի 10-ը Ղազախստանում համազգային սգո օր է՝ ի հիշատակ երկրում մի քանի օր շարունակվող անկարգությունների զոհերի։
Իրավիճակը երկրի բոլոր շրջաններում արդեն կայունացել է, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Էռլան Տուրգումբաևը։ Նա նշել է, որ երկրում դեռ շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները: Ալմաթիում Հանրապետության հրապարակը ապաշրջափակվել է․ վերականգնվում է կոմունալ ենթակառուցվածքների և կենսաապահովման համակարգերի աշխատանքը: Ալմաթիում և Նուր-Սուլթանում վերականգնվել է ինտերնետ կապը։ Անկարգությունների ժամանակ ձերբակալվել է շուրջ 8000 մարդ։ Բիզնեսին հասցված վնասը գնահատվում է ավելի քան 200 միլիոն դոլար:
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 11-ին կհայտարարի նոր կադրային փոփոխությունների մասին՝ հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին՝ հավելելով, որ Ղազախստանում ճգնաժամի ամենադժվար շրջանն ավարտվել է։
ԺՆԵՎՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հունվարի 9-ի երեկոյան Ժնևում կայացել են անվտանգության երաշխիքների հարցերով ռուս-ամերիկյան նախնական բանակցությունները: Ամփոփելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի հետ շուրջ 2 ժամ տևած բանակցությունները՝ ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ ԱԳ փոխնախարար Ռյաբկովը հայտնել է, որ խոսակցությունն անցել է բարդ, բայց գործնական։
Հունվարի 10-ին երկկողմ բանակցությունները շարունակվում են արդեն լայն կազմով՝ փակ դռների հետևում։ Մոսկվան ցանկանում է ամերիկյան կողմի հետ քննարկել անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր ներկայացրած առաջարկները։
Վաշինգտոնը, սակայն, հայտարարել է, որ այդ առաջարկները հաշվի չեն առնում ամերիկյան կողմի շահերը և անվտանգության երաշխիքների վերաբերյալ ներկայացրել է սեփական մոտեցումները: Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը չի դիտարկում Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայությունը նվազեցնելու կամ այդ հարցում իր դիրքորոշումը փոխելու հարցը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ կարծիք է հայտնել, որ ցանկացած առաջընթաց հնարավոր է փոխադարձ հիմունքներով: «Եթե ԱՄՆ-ը և Եվրոպան ընդառաջեն Ռուսաստանի որոշ մտահոգությունների հարցում, ապա Ռուսաստանն էլ ստիպված կլինի անել նույնը»,- նշել է նա:
ՎԻԵՆՆԱՅԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ Վիեննայում ընթացող բանակցությունների մասնակիցների տարաձայնությունները նկատելիորեն նվազել են: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին։
«Խորհրդակցությունների մասնակիցների մեծ մասն արձանագրում է գրանցված առաջընթացը»,- ընդգծել է Բաղերին: Նրա խոսքով՝ եթե ձեռք բերվի վերջնական համաձայնություն, ապա ԱՄՆ-ը պետք է չեղարկի բոլոր պատժամիջոցները։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ավելի վաղ հայտնել էր, որ Վիեննայում ամերիկյան պատվիրակությունից դրական ազդակներ են ստանում և Թեհրանը պատրաստ է լուրջ քայլերի:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանն էլ ընդգծել է, որ բանակցությունները թույլ են տվել առաջընթաց գրանցել, սակայն համաձայնության հասնելու համար քիչ ժամանակ է մնացել։