Ղազախստանում անկարգությունների հետևանքով պատճառված տնտեսական վնասը կարող է կազմել 2-3 միլիարդ դոլար, հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցում։ Նախագահը տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն աննախադեպ ագրեսիա և երկրի պետականության դեմ ոտնձգություն է որակել։ Նա հավելել է, որ ահաբեկիչների գործողությունները հանգեցրել են բազմաթիվ զոհերի իրավապահների և քաղաքացիական անձանց շրջանում։ Տոկաևի խոսքով՝ Ղազախստանում անկարգություններին մասնակցել են օտարերկրյա զինյալներ՝ գլխավորապես Աֆղանստանից, ինչպես նաև Մերձավոր Արևելքից։ Շառլ Միշելն անդրադարձել է է Եվրամիության և Ղազախստանի միջև համագործակցությանը և աջակցություն է հայտնել երկրի ինքնիշխանությանը, անվտանգությանը և կայունությանը՝ մարդկանց հիմնարար իրավունքների և ազատությունների պահպանմամբ:
*****
Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հինգերորդ փուլն Իրանի արտգործնախարարության օրակարգում է՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ Նրա խոսքով՝ խորհրդակցությունների նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են, հանդիպումը տեղի կունենա Բաղդադում։ «Իրանը ձգտում է լավ հարաբերություններ հաստատել Սաուդյան Արաբիայի հետ՝ չնայած տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ տարաձայնություններին»,- նշել է իրանցի դիվանագետը։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է ցանկացած պահի կարգավորել հարաբերություններն Ալ-Ռիադի հետ։
****
ՆԱՏՕ-ն ողջունում է անվտանգության երաշխիքների շուրջ երկխոսության՝ Ռուսաստանի պատրաստակամությունը, սակայն ակնկալում է, որ Մոսկվան ուշադրություն կդարձնի դաշինքի մտահոգություններին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Ռուսաստանի հետ բանակցությունները չեն լուծի բոլոր խնդիրները, բայց կարող են նախանշել այն պայմանագրի շուրջ խորհրդակցությունների գործընթացի մեկնարկը, որը կկանխի Եվրոպայում հակամարտությունները։ Ես ողջունում եմ հունվարի 12-ին կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, այսօր Ժնևում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները և հունվարի 13-ին Վիեննայում ԵԱՀԿ շրջանակում նախատեսված քննարկումները»,- նշել է նա։ Ստոլտենբերգը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Դաշինքը չի քննարկի դեպի Արևելք ՆԱՏՕ-ի չընդլայնման հարցը, ինչը պահանջում է Մոսկվան, քանի որ դա կհակասի կազմակերպության հիմնարար սկզբունքներին։ Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը պատրաստ են երկխոսության՝ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների, մասնավորապես՝ սպառազինությունների վերահսկման, ռազմական գործունեության թափանցիկության, հաղորդակցական խողովակների ապահովման շուրջ։
*****
«Հասարակական-քաղաքական դաշտի հետազոտությունների կենտրոնը» Թուրքիայի մի շարք քաղաքներում հարցումներ է անցկացրել․ երկրում արտահերթ ընտրություններին կողմ է արտահայտվել հարցվածների 56,9 տոկոսը, դեմ՝ 24,2 տոկոսը: Ամենալուրջ խնդիրների շարքում Թուրքիայի բնակիչներն առանձնացրել են տնտեսական ճգնաժամը և գործազրկությունը, ժողովրդավարության բացակայությունը, իրավական համակարգի ներկա վիճակը և քրդական հարցը։ 18-25 տարիքային խմբի ընտրողների մեծ մասը ծայրահեղ անհաջող է որակել կառավարման նախագահական համակարգը։ Հարցվածների 54,1 տոկոսը հայտարարել է, որ իշխող «Արդարություն և զագացում» կուսակցությանը չի հաջողվի երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից։