Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ քննարկել է հանրապետությունում ստեղծված իրավիճակը։ Ղազախստանի ղեկավարի խոսքով՝ զրույցը «արդյունավետ» է եղել՝ գրում է РИА Новости-ն:
«Մենք բախվեցինք մեր պետականության դեմ ագրեսիայի և ոտնձգության աննախադեպ գործողության և ձեռնարկեցինք հրատապ միջոցներ սահմանադրական կարգն ու օրինականությունը վերականգնելու համար: Մենք երբեք զինված ուժ չենք կիրառել և չենք կիրառի խաղաղ ցուցարարների դեմ: Բոլոր նման հայտարարությունները կեղծ են: Ղազախստանը կշարունակի ամրապնդել իր գործընկերությունը ԵՄ-ի հետ»,- գրել է Տոկաևը Twitter-ում։
Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն հայտարարել է երկրում իրավիճակի կայունացումից հետո Ղազախստանից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահների դուրսբերման անհրաժեշտության մասին։ Նա ընդգծել է, որ Կենտրոնական Ասիայի հանրապետությանն արտաքին ռազմական աջակցություն տրամադրելու դեպքում էլ պետք է հարգել այդ երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաև նրա բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները: