Ինքս ծխում եմ էդ նույն ծխախոտը 12 տարի. 290 դրամից դարձել է 480 դրամ:
Չի բացառվում՝ մի քիչ էլ թանկանա։ Ծխախոտը խանութներում ոչ բաց վաճառելու պայմանից բացի՝ հունվարից դրա նաև ակցիազային հարկն է բարձրացել։
1000 հատիկ սիգարետի հաշվով գանձվող 11 070 դրամն այս տարվանից դառնում է 12 730 դրամ։ Այնպես որ՝ պետական բյուջե գանձվող՝ ավելացած 1 660 դրամը վաճառողները դեռ կբաշխեն ծխողներին առաջարկվող տուփերի վրա։ Որոշ խանութներում արդեն 5-10 դրամով ավելացրել է տուփի գինը, որոշներում՝ չէ։ Ի դեպ, սպառողներից նրանք, ովքեր գիտեն ինչ արժե սիգարետն արտասահմանում, հայաստանյան գնապիտակներին ըմբռնումով են վերաբերվում։
Մեր կենսամակարդակով որ նայում ենք՝ վատ չէ, ուրիշ տեղեր նայեք ինչքան է, Եվրոպայում 5-10 եվրո․․․
Ակցիզային հարկն այս տարի հարվածելու է ոչ միայն ծխողների, այլև՝ խմողների գրպանին։ Հունվարից բարձրացել է նաև սպիրտային խմիչքներից գանձվող գումարը․ 1 լիտրի հաշվով կիրառվող անցած տարվա 2 030-ի փոխարեն՝ տնտեսվարողը վճարելու է 2 640 դրամ։ Ավելի քան 1000 դրամով ավելացել է նաև՝ էթիլային սպիրտից գանձվող ակցիզային հարկը (2021 թ. 3 380 դրամ, 2022 թ. դառնում է 4 400 դրամ)։ Գինու, մրգային օղիների, կոնյակի ու գարեջրրի դեպքում դրույքաչափերի փոփոխություն չկա ո՛չ արտադրողների, ո՛չ էլ ներկրողների համար։ Նույն չափով ակցիզային հարկ կշարունակի վճարել նաև վառելիքի շուկան․ բենզին, դիզել, սեղմած գազ թե քսայուղեր՝ 22-ից ակցիզի փոփոխություն չկա։
Սպառողի համար կարևոր՝ մեծ խմբով փոխվում են, այսպես ասած, երրորդ՝ ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը։ Բանն այն է, որ ուժի մեջ է մտնում Մաքսային միասնական դրույքաչափերի՝ մի քանի անգամ հետաձգված որոշումը, որի համաձայն՝ բրնձից մինչև մանկական կեր, շամպուն ու ձեռքի օճառ, եթե Ռուսաստան-Բելառուս-Ղազախստանից չի ներկրված Հայաստան, հարկվելու է նույնքան մաքսատուրքով, ինչ ԵԱՏՄ մյուս պետություններում։
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԹՈՇԱԿԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հարկերից՝ փոխվում են նաև աշխատող քաղաքացիների վարձարտությունից գանձվող եկամտային հարկն ու կուտակային թոշակի բաժին սոցիալական վճարը։ Հաշվապահներն այսուհետև պահումներն անելու են հետևյալ թվերով․ եկամտահարկը 1 տոկոսով իջնում է․ պետության սահմանած համահարթեցման քաղաքականության համաձայն՝ գործող 22-ից դառնում 21 տոկոս՝ անկախ աշխատավարձի չափից։ Սոցիալական վճարը՝ հակառակը․ կուտակային կենսաթոշակի տարիքի անձանց համար 1 տոկոսով բարձրանում է․ մինչև 500 հազար դրամ, այսպես ասած, կեղտոտ վարձատրություն ունեցողների դեպքում՝ նախկին 3,5 տոկոսը դառնում է 4,5 տոկոս։ 1-ական տոկոսով եկամտահարկի իջեցումն ու սոցիալական վճարի բարձրացումը փաստացի չեզոքացնում են իրար, այնպես որ՝ հունվարի աշխատավարձը դեկտեմբերին ստացածից շատ չի տարբերվի՝ պարզաբանում է ՊԵԿ-ից։
Մարիամ Մանուկյան (ՀՀ ՊԵԿ Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ) - Այն վարձու աշխատողները, ովքեր կուտակային համակարգի մասնակից չեն, եկամտային հարկի նվազեցման արդյունքում կունենան տնօրինվող աշխատավարձի ավելացում, իսկ կուտակային համակարգի մասնակիցների դեպքում եկամտահարկի նվազումն ու սոցվճարի նվազեցումը փոփոխության չի բերի, քանի որ նույն 1 տոկոսի չափով է փոփոխությունը տեղի ունենում:
Կուտակային կենսաթոշակի գումար չվճարողներից բացի՝ հարկային այս փոփոխությունից կշահեն նաև 0,5 մլն-ից բարձր աշխատավարձ ունեցողները․ 800-900 հազար դրամ ստացողների վարձատրությունը, օրինակ, կավելանա միջինը 2000 դրամ, մի քանի միլիոն ստացողներինը՝ քիչ ավելի։ Աշխատավարձի պահումներից նույն դրույքաչափերն են կիրառվելու Զինծառայողների հիմնադրամին ուղղվող դրոշմանիշային վճարների համար։