Երեկ՝ հունվարի 9-ին, Ժնևում տեղի ունեցան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ նախնական բանակցությունները։ Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը խոսել է առաջին հանդիպման արդյունքների մասին, որը տևել է ավելի քան երկու ժամ՝ գրում է РИА Новости-ն։
Ռյաբկովի խոսքով՝ հանդիպումը հրաշալի էր. չնայած զրույցը եղել է դժվար, բայց գործնական։
Այսօր Ժնևում սկսվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների հարցի շուրջ բանակցությունները։ Միջոցառումն անցկացվում է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ մշտական ներկայացուցչության տարածքում՝ փակ ձևաչափով։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում են փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ու պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը։
Այսօրվա բանակցություններին կհաջորդեն հունվարի 12-ին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը Բրյուսելում, իսկ հունվարի 13-ին՝ Վիեննայում ԵԱՀԿ երկրների մշտական ներկայացուցիչների բանակցությունները։ Բոլոր հանդիպումների առանցքում Ռուսաստանի ներկայացրած անվտանգության երաշխիքների պահանջն է, որը ենթադրում է ՆԱՏՕ-ի ընդլայնման կասեցում և Արևելյան Եվրոպայում մի շարք զինատեսակների տեղակայման սահմանափակումներ: