ԺՆԵՎՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ժնևում փակ դռների հետևում ընթանում է ԱՄՆ և ՌԴ միջև անվտանգության փոխադարձ երաշխիքների հարցով հանդիպումը։ ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տեղակալ Ուենդի Շերմանը, որը գլխավորում է ամերիկյան պատվիրակությունը, Twitter-ի միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ը կլսի Ռուսաստանի մտահոգությունները: «Կհայտնենք նաև մեր մտահոգությունները, բայց մենք հստակ ասել ենք, որ չենք քննարկի եվրոպական անվտանգությանն առնչվող հարցեր առանց մեր դաշնակիցների և գործընկերների»,- նշել է նա:
Բանակցություններին ընդառաջ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ ԱԳ նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովն էլ հայտարարել Է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պետք է ճկունություն դրսևորեն անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում: «Մոսկվան դա արել Է 30 տարի, ժամանակն Է գործընթացը ավարտին հասցնել։ Եթե նրանք ի վիճակի չեն դա անել, նշանակում Է՝ կբախվեն իրավիճակի վատթարացման իրենց իսկ անվտանգության ոլորտում»,- հավելել է նա:
ՌԴ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾԻ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՆԱՏՕ-ն ողջունում է անվտանգության երաշխիքների շուրջ երկխոսության՝ Ռուսաստանի պատրաստակամությունը, սակայն ակնկալում է, որ Մոսկվան ուշադրություն կդարձնի դաշինքի մտահոգություններին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ռուսաստանի հետ բանակցությունները չեն լուծի բոլոր խնդիրները, բայց կարող են նախանշել այն պայմանագրի շուրջ խորհրդակցությունների գործընթացի մեկնարկը, որը կկանխի Եվրոպայում հակամարտությունները։ Ես ողջունում եմ հունվարի 12-ին կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, այսօր Ժնևում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները և հունվարի 13-ին Վիեննայում ԵԱՀԿ շրջանակում նախատեսված քննարկումները»,- նշել է նա։
Սթոլթենբերգը եւս մեկ անգամ ընդգծել է, որ դաշինքը չի քննարկի դեպի Արևելք ՆԱՏՕ-ի չընդլայնման հարցը, ինչը պահանջում է Մոսկվան, քանի որ դա կհակասի կազմակերպության հիմնարար սկզբունքներին։ Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը պատրաստ են երկխոսության՝ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների, մասնավորապես՝ սպառազինությունների վերահսկման, ռազմական գործունեության թափանցիկության, հաղորդակցական խողովակների ապահովման շուրջ։
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 56.9 %-Ը ԿՈՂՄ Է ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
«Հասարակական-քաղաքական դաշտի հետազոտությունների կենտրոն»-ը Թուրքիայի մի շարք քաղաքներում հարցումներ է անցկացրել․ երկրում արտահերթ ընտրություններին կողմ է արտահայտվել հարցվածների 56,9 տոկոսը, դեմ՝ 24,2-ը: Ամենալուրջ խնդիրների շարքում Թուրքիայի բնակիչները առանձնացրել են՝ տնտեսական ճգնաժամը և գործազրկությունը, ժողովրդավարության բացակայությունը, իրավական համակարգի ներկա վիճակը և քրդական հարցը։ 18-25 տարիքային խմբի ընտրողների մեծ մասը ծայրահեղ անհաջող է որակել կառավարման նախագահական համակարգը։ Հարցվածների 54,1 տոկոսը հայտարարել է, որ իշխող Արդարություն և զագացում կուսակցությանը չի հաջողվի երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից։
ԿՈՐՈՆԱՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Ադրբեջանում արձանագրվել են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքերը։ Ըստ առողջապահության նախարարության երկրում հայտնաբերվել է օմիկրոնով վարակման ավելի քան 10 դեպք:
Վրաստանում հունվարի 10-ի դրությամբ հաստատվել է նոր տարատեսակով վարակման ավելի քան 800 դեպք: Հայտնել են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից: Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 234 նոր դեպք, մահացել է 46 մարդ:
Իրանում նույնպես տարածվում է օմիկրոն շտամը. Կանխատեսվում է, որ մի քանի շաբաթից կորոնավիրուսի նոր ալիքը կհասնի իր գագաթնակետին: Արագ տարածվող օմիկրոն շտամով երկրում վարակվել է արդեն մոտ 500 մարդ:
Թուրքիայում հավաճարակային բարդ իրավիճակը պահպանվում է: Վերջին մեկ օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 61 հազար նոր դեպք:
Վերջին տվյալով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է մոտ 300 միլիոն մարդ։ Ընդհանուր առմամբ մահացել է ավելի քան 5 միլիոն։