Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ-երկրների արտգործնախարարները մտադիր են հունվարի 11-ին արտակարգ խորհրդակցություն անցկացնել և քննարկել Ղազախստանի իրավիճակը: Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի գլխավոր դիվանագետները կհանդիպեն Նուրսուլթանում:
Տեղեկությանը նախորդել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը Ղազախստանի իր գործընկերոջ հետ: Այն, որ պաշտոնական Անկարան ուշադիր հետևում և փորձում է ակտիվ դերակատար դառնալ ղազախական իրադարձություններին, պարզ դարձավ առաջին իսկ օրերից: Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր՝ Ղազախստանում տեղի ունեցողը միայն այդ պետության խնդիրը չէ:
Մեվլութ Չավուշօղլու (Թուրքիայի ԱԳ նախարար) - Թյուրքական պետությունների ապագան մեր խնդիրն է: Իրադարձությունները Ղազախստանում մեզ շատ են անհանգստացնում, և մենք դրանց ուշադիր հետևում ենք: Թուրքիան, թյուրքական պետությունների կազմակերպությունը կցուցաբերեն բազմակողմանի աջակցություն:
Թե ինչ տեսքով կարող է լինել այդ աջակցությունը՝ բացի խորհրդատվականից և բարոյահոգեբանականից, այս պահին բարդ է ասել: Ամբողջ գործընթացը փաստացի կենտրոնացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ձեռքում: Այս պայմաններում արձագանքը Թուրքիայի իշխանության և պրո-իշխանական շրջանակներում Ղազախստանի դեպքերին բավականին ջղագրգիռ է՝ նկատում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Ռուբեն Սաֆրաստյան (թուրքագետ) - Սկզբից զուսպ էին, ուղղակի սպասում էին իրադարձությունների զարգացմանը: Եվ ակտիվություն թուրքական կողմից նկատվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ՀԱՊԿ-ն իր զորքը մտցրեց Ղազախստան: Դա ռուսական օկուպացիա համարեցին:
Թուրքիան վերջին տարիներին զգալի ավելացրել է ջանքերը՝ թյուրքական աշխարհում առաջնորդի դերը ստանձնելու ուղղությամբ: Թուրքիայի «փափուկ ուժը» Ղազախստանում զգալի արդյունքների է հասել: Վերջին տարիներին տասնյակ թուրքական դպրոցներ, այլ ուսումնական հաստատություններ և մշակութային կենտրոններ են բացվել այդ երկրում:
Անկարան նաև ակտիվացրել և փաստացի վերակենդանացրել է թյուրքական պետությունների կազմակերպությունը: Ռուբեն Սաֆրաստյանը նկատում է՝ ակնհայտ է Թուրքիայի հետաքրքրվածությունը կենտրոնական Ասիայով: Առաջին քայլերն այդ ուղղությամբ Էդրողանի վարչակազմը կարող է ձեռնարկել արդեն վաղը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդակցությանը:
Ռուբեն Սաֆրաստյան - Վաղը տեղի է ունենալու այդ կազմակերպության գագաթնաժողովը: Եթե վերլուծենք Թուրքիայի մամուլը, Անկարան կփորձի փոփոխություններ մտցնել: Կփորձի մեխանիզմներ ստեղծել ռազմական մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ»:
Հատկանշական է, որ արձագանքները և քարոզչական ալիքները հայելային են նաև Ադրբեջանում: Այդ երկիրը նույնպես դժգոհ է ղազախական իրադարձություններում ՀԱՊԿ-ի ակտիվ մասնակցությունից:
Հայրիկ Սուքիասյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) - Պաշտոնական աղբյուրները դեռևս լուրջ վերաբերմունք չեն արտահայտել տեղի ունեցածին, սակայն իշխանության կողմից սնուցվող աղբյուրները հակառուսական քարոզչություն են սկսել:
Իրավիճակը Ղազախստանում անսպասելի լարվել էր հունվարի 2-ն, երբ հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել փողոց՝ հեղուկ գազի գնի բարձրացման դեմ բողոքելու: Ցույցերը արագ վերածվել էին անկարգությունների, որոնց հետևանքով Ղազախստանի նախագահը դիմել էր ՀԱՊԿ-ին և աջակցություն խնդրել: