Դասընթացի մեկնարկին ծանոթանալու նպատակով՝ հունվարի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի ուղեկցությամբ այցելել է Գավառի թիվ 1 հիմնական, Կարմիրգյուղի թիվ 1, Նորատուսի թիվ 1 և 2 միջնակարգ դպրոցներ:
Մարզպետը դիտարկել է դպրոցների դասասենյակներում դասընթացի նորմալ կազմակերպման նպատակով բավարար ջերմաստիճանի ապահովման և աշակերտների հաճախելիության հետ կապված հարցերը:
Տնօրենների ուղեկցությամբ Կարեն Սարգսյանը շրջել է դպրոցներում, ծանոթացել շենքային պայմաններին և հնարավորություններին, ինչպես նաև դասընթացի կազմակերպման հետ կապված մի շարք հարցերի, որոնք, մասնավորապես, առնչվում էին դպրոցական գույքի և լաբորատոր սարքավորումների առկայությանը, ուսուցիչների օգնականների, դպրոցներում բուժկետերի և բուժաշխատողների գործունեությանը:
Որոշ դպրոցներում մարզպետն անբավարար է գնահատել դպրոցի շենքի մուտքի հսկողության, դպրոցում բավարար ջեռուցման ապահովման, աշակերտների բացակայության և դասապրոցեսի ոչ լիարժեք կազմակերպման հետ կապված հարցերը:
Դպրոցների տնօրենները նման իրավիճակը հիմնավորել են դպրոցական շենքերի անբավարար վիճակի, տանիքների և պատուհանների մաշվածության, իսկ աշակերտների մեծ թվով բացակայությունները՝ հիվանդությունների հետ:
Դպրոցներում կատարած շրջայցերի ընթացքում Կարեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև մանկավարժական կոլեկտիվների հետ, շնորհավորել նրանց անցած տոների առթիվ, լսել և պատասխանել մանկավարժների կողմից բարձրացված հարցերին` խոստանալով միջոցներ ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ:
Զրույցի ընթացքում մարզպետը հետաքրքրվել է գերազանցության մեդալի հավակնորդների թվի ավելացման, գրադարաններում գրքային ֆոնդի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքներով:
Անդրադառնալով ուսուցչի աշխատավարձին` մարզպետ Կարեն Սարգսյանը ևս մեկ անգամ հորդորել է ակտիվ մասնակցություն ցուցաբերել մանկավարժների համար սահմանված տարակարգի ձեռքբերման կամ կամավոր ատեստավորման ուղղությամբ անցկացվող մրցույթներին, որպեսզի կարողանան օգտվել բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունից: