Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր անցկացվել է հերթական ընդլայնված խորհրդակցությունը՝ ամփոփելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։
Վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչները նախարարին են զեկուցել աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման բաժնի, ոստիկանության և տեսչական մարմնի աշխատակիցները, նավով շրջայց են կատարել Սևանա լճի վրա, ինչի արդյունքում հունվարի 4-ին լճից դուրս է բերվել 21 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, որոնցում առկա է եղել 19 հատ սիգ տեսակի ձուկ, հունվարի 7-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նավերով շրջայց կատարելիս լճից դուրս է բերվել 57 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, որոնցում առկա է եղել 36 հատ սիգ տեսակի ձուկ:
Հունվարի 6-ին ՊՈԱԿ-ի արագ արձագանքման բաժնի, ոստիկանության և տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների ընթացքում Ծովագյուղ համայնքում, Սևան լճի ափին, հայտնաբերվել է ձկնորս ապօրինի որս կատարելիս: Ձկնորսի նավակում առկա էր 10 հատ սիգ տեսակի ձուկ: Տեղում կազմվել է արձանագրություն և հանձնվել իրավապահ մարմիններին:
ՀՀ ոստիկանության կողմից 2022 թ. հունվարի 5-ից տրամադրվել է ճաապարհային ոստիկանության 1 ավտոմեքենա իր անձնակազմով: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ոստիկանության և տեսչական մարմնի կողմից իրականացվում է շրջիկ հսկողություն դեպի Երևան շրջանցող ճանապարհներին:
Իրականացված միջոցառումների արդյունքում 2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սիգի վաճառքի և տեղափոխման 11 դեպք, որի արդյունքում առգրավվել է թվով 1320 սիգ և 1 իշխան տեսակի ձուկ: Առգրավված ձուկը հանձնվել է ՊՆ-ին, «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին:
Նախարարը խոսել է նաև քաղաքացիներից վերահսկողական միջոցառումների վերաբերյալ ստացվող դրական ազդակների մասին և փաստել, որ նկատվում է վարքագծի որոշակի փոփոխություն։
«Ցանկացած տիպի վերահսկողության արդյունավետության մասին կարող ենք խոսել միայն ներառականության ապահովման պարագայում։ Լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե ձկնորս, յուրաքանչյուրն իր ուրույն դերն ունի Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում»,- նշել է նախարարը։