Քովիդ-19-ի «Օմիկրոն» ենթատեսակը Հայաստան է ներթափանցել ԱՄՆ-ից և Եգիպտոսից վերադարձած քաղաքացիների միջոցով: Նրանք միջին տարիքի են, չեն հոսպիտալացվել, բուժում ստանում են տնային պայմաններում, քանի որ հիվանդությունը թեթև ընթացք ունի:
Ռոմելլա Աբովյան (ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Մեր երկրում, անկախ շտամի տեսակից, գործում է նույն ընթացակարգը, այսինքն՝ դրական ՊՇՌ հետազոտությամբ անձինք, անկախ շտամի տեսակից, ենթարկվում են ինքնամեկուսացման 14 օր տևողությամբ, ընդ որում՝ ըստ կլինիկական ընթացքի ծանրության, արդեն որոշում է կայացվում՝ պացիենտը բուժումը կստանա տան պայմաններո՞ւմ, թե՞ հոսպիտալում կամ ստացիոնարում:
Առողջապահության ոլորտի պատասխանատուները չեն բացառում, որ մեր երկրում «Օմիկրոնի» դեպքերն ավելին են, քան հունվարի 8-ին հաստատված 2-ը: Հայաստան ժամանած քաղաքացիներից վերցված նմուշները սեկվենավորման մեթոդով հետազոտվել են պատահական ընտրությամբ:
Ռոմելլա Աբովյան - Դա ընտրանքային կարգով է իրականացվում՝ բացահայտելու համար շրջանառվող շտամները: Այսօրվա դրությամբ ունենք բացահայտած սահմանի անցման կետերում մուտք գործող անձանցից: Այլ պացիենտներից և կրկնավարակներից դեռևս անջատումներ չունենք:
«Օմիկրոնը», ի տարբերություն «Դելտա» շտամի, շատ ավելի արագ է տարածվում: Եթե «Դելտայով» վարակված մեկ անձը կարող է վարակը փոխանցել 7 հոգու, ապա, «Օմիկրոնի» դեպքում, մեկ անձը 35 հոգու է վարակում: Այդուհանդերձ, «Օմիկրոնի» հետևանքով առաջացած հիվանդությունը բավական թեթև է ընթանում:
Ռոմելլա Աբովյան - Հիմնականում ախտահարում է վերին շնչուղիները, այսինքն՝ ուղղորդվում է քթից արտահոսքով, կոկորդի ցավով և շատ ավելի հազվադեպ է առաջացնում թոքաբորբ:
Աբովյանը, հղում անելով միջազգային տեղեկություններին, նշում է՝ «Օմիկրոնն» ավելի շատ թիրախավորում է երեխաներին:
Ռոմելլա Աբովյան - Երեխաները, եթե նախորդ շտամների պարագայում կարող էին ավելի շատ դեպքերում անախտանշան տանել, ապա «Օմիկրոնի» պարագայում ախտանշաններն ի հայտ են գալիս շատ ավելի հաճախ:
Առողջապահության ոլորտի պատասխանատուները հիշեցնում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու անհրաժեշտության մասին, այդ թվում՝ «Օմիկրոնից» պաշտպանվելու համար:
Ռոմելլա Աբովյան - Ըստ ԱՀԿ-ի՝ շատ ավելի արդյունավետ է բուստեր պատվաստումը, այսինքն՝ «Օմիկրոնի» պարագայում խորհուրդ է տրվում երրորդ՝ բուստերային պատվաստում իրականացնել: «Օմիկրոնի» պարագայում գիտական հետազոտությունների արդյունքում եկել են եզրահանգման, որ բուստեր պատվաստանյութն է՛լ ավելի կբարձրացնի իմուն համակարգը և կպայքարի «Օմիկրոնի» դեմ:
Եվ չնայած «Օմիկրոնը» ներթափանցել է Հայաստան, տոնական ակտիվ շփումների ու կրթական հաստատությունների վերաբացման բերումով էլ վարակի տարածման տեմպերը որոշ չափով ակտիվացել են, կորոնաիրավիճակը, ընդհանուր առմամբ, դեռ գնահատվում է կայուն: Եվրամիության չափանիշներով՝ Հայաստանը շարունակում է գտնվել «կանաչ գոտում»:
Հեղինակ՝ Աննա Զախարյան