Արտաշատում և Հայաստանի մյուս բոլոր քաղաքներում այս տարվա հունվարի 1-ից կենսաթոշակներն ու կենսաթոշակների վճարման կարգով տրամադրվող նպաստները վճարվում են անկանխիկ՝ բանկի կամ Ազգային օպերատորի՝ «ՀայՓոստի» միջոցով: Անկանխիկ վճարումների անցումն առաջին փուլով արդեն տեղի է ունեցել 2021 թվականին, ըստ որի՝ 2021 թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նշված վճարատեսակները սկսեցին վճարվել անկանխիկ եղանակով։ Վճարող կազմակերպությունն ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Դավիթ Խաչատրյան (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - 2023 թ. հունվարի 1-ից անցում կկատարենք 1000-ից ավել բնակիչ ունեցող գյուղերը, 2024-ից՝ մյուս բոլոր բանակավայրերը:
Նախարարությունն այս ընթացքում աշխատել ու շարունակում է ակտիվ աշխատել Կենտրոնական բանկի հետ, որ նշված ժամանակահատվածում բոլոր բնակավայրերում լուծված լինեն անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու հարցերը:
Դա ոչ միայն բանկոմատների տրամադրումն է, այլև տարբեր գործիքների՝ սկսած անհպում վճարումներից: Կանխիկացման դեպքում բանկոմատն է կամ այլ սարքեր, «Հայփոստի» դեպքում բաժանմունքի տարածքում կանխիկացումն է:
Քաղաքներում գործիքակազմի հետ կապված, կարելի է ասել, խնդիրներ չկան. բանկերի ու բանկոմատների ընտրության հնարավորությունը փոքր չէ: Ի դեպ, եթե մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 30-ը չեք դիմել կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու համար, որ նաև ընտրեիք ձեր ցանկալի բանկը կամ «Հայփոստի» ծառայությունը, դա չի նշանակում, որ ընթացիկ ամսվա կենսաթոշակը չեք ստանալու:
Դավիթ Խաչատրյան - Անկախ նրանից՝ ինքը ընտրել է թե ոչ, գումարը կվճարվի հետևյալ տրամաբանությամբ. ծրագրային մոդուլի կիրառմամբ բաշխում տեղի կունենա տվյալ քաղաքում:
Ընտրված կազմակերպության մասին կարող եք տեղեկանալ առցանց եղանակով. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքի ու ֆեյսբուքի էջերում տեղադրված հղումով մուտք գործեք Միասնական սոցիալական ծառայության կայքէջ և բացված պատուհանում մուտքագրեք կենսաթոշակառուի անձնական տվյալները։
Շահառուն եթե հաշտ չէ որոշման հետ, կարող է ցանկացած պահի մոտենալ ու փոխել կազմակերպությունը:
Այս ընթացակարգը պարտադիր չէ միայն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, 75 տարին լրացած կենսաթոշակառուների համար, եթե անգամ քաղաքում են ապրում: Հին տարբերակով թե անկանխիկ՝ ինչպես ստանան իրենց գումարը՝ ընտրում և որոշում են իրենք:
Ամեն դեպքում, մեզ հանդիպած բոլոր թշակառուները նոր տարբերակից ավելի գոհ են:
Նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշում է՝ անկանխիկի անցումը պետության քաղաքականության բաղկացուցիչ մասն է, դրական կողմերը՝ շատ: Շեշտում է՝ այսօր հանդիպող խնդիրները՝ բանկոմատից օգտվելուց մինչև գաղտնաբառ մոռանալը, ապագա կենսաթոշակառուների դեպքում էլ չեն լինի:
Ի դեպ, չնայած գյուղերում դեռ պարտադիր չէ, բայց քիչ չեն կամավոր կերպով անկանխիկ եղանակին անցած շահառուները: Նրանք ևս ներառյալ՝ 2022 թվականից շուրջ 553 800 կենսաթոշակառուից 409 240-ը վճարվում են անկանխիկ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան