«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների մի մասը օրը սկսեց բողոքի ակցիայով: Դեկտեմբերի 30-ին ծանուցվել են՝ պետք է ազատվեն աշխատանքից:
Անժելա Նազարեթյան (բուժքույր) - Ամսի 30-ին բոլոր հիմնարկները ստացել են բոնուսներ, պարգևավճարներ, մենք ստացել ենք լուր տանը նստած, որ ես ինքս իմ դիմումի համաձայն պիտի ազատվեմ աշխատանքից:
Հիվանդանոցի փոխնտօրեն Աշոտ Սարգսյանը պարզաբանում է՝ ծանուցում ուղարկվել է 2-րդ մասնաշենքի աշխատակիցներին: Ըստ ցուցարարների՝ խոսքը 85 աշխատակցի մասին է. տնօրինությունը հստակ թիվ չի նշում; Փետրվարի 1-ից սկսվելու է շենքի վերակառուցումը, արդյունքում այն կհամապատասխանեցվի ժամանակակից չափորոշիչներին: Առողջապահության նախարարությունն էլ հավելում է՝ քննարկվում են ծանուցում ստացածների խնդրի լուծման ուղիները:
Առողջապահության նախարարություն - Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ՝ բժշկական անձնակազմին անպայման այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները։
Մասնաշենքի վերակառուցումը տևելու է շուրջ 2 տարի: Բուժանձնակազմը երաշխիք է պահանջում, որ այդ ընթացքում առանց աշխատանքի չի մնա: Խնդիր են համարում նաև սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու պահանջը: Փոխտնօրենի ձևակերպմամբ՝ պահանջը տեխնիկական է:
Աշոտ Սարգսյան («Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի փոխտնօրեն) - Եթե իրենք գնում են այլ հիվանդանոցում աշխատելու, թեկուզ ժամանակավոր, բնական է՝ իրենք այնտեղի աշխատակից պետք է լինեն, ոչ թե Ինֆեկցիոն հիվանդանոցի: Դրա համար էլ այդ գործընթացը գնում է հիմա:
Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են՝ մինչև ազատման օրը կաշխատեն, պացիենտներին չեն թողնի, սակայն իրենց խնդրի լուծման համար կդիմեն օրինական բոլոր մեթոդներին:
Մարիամ Ավագյան (մայրապետ) - Գործադուլի մասին խոսքը որն է, որ եթե 15-ից մենք չենք աշխատելու: Ես մեկ հատ հերթափոխ ունեմ, ես կաշխատեմ. հիվանդը մեղավոր չէ, որ ինձ էս ձևով են հանում դուրս:
Ակցիայի ավարտին ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը բուժաշխատողներին հրավիրեց փակ քննարկման՝ խնդրին հնարավոր լուծումներ գտնելու համար:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան