ԱՄՆ
«ՍՆՈՄԻԿՐՈՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ». ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՁՆԱԳՆԴԻ ԵՆ ԽԱՂՈՒՄ
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում առատ ձյուն է տեղացել: Սա տեղացիների համար ձնագնդի խաղալու հրաշալի առիթ է դարձել: Նրանք հավաքվել են Ազգային առևտրի կենտրոնի մերձակայքում և թիմերի բաժանվել:
Ի պատիվ կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոնի», միջոցառումը կոչել են «Սնոմիկրոնի ճակատամարտ», ինչն անգլերենում snow` ձյուն և Omicron բառերի համադրությունն է: Տարածքում բժիշկներ կան, որ հարկ եղած դեպքում կարողանան առաջին բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին:
Մեթ Պելերիտոն, որը մասնագիտությամբ խոհարար է, այստեղ է եկել իր 6-ամյա որդու՝ Լուկասի հետ: Մեթն ասում է, որ նախկինում նույնպես լսել է ձնագնդիներով մարտերի մասին, սակայն այս տարի առաջին անգամ որոշել է մասնակցել:
Մեթ Պելերիտո (ձնագնդիներով մարտի մասնակից) - Ես ռադիոյով լսեցի, որ սկսվում է այս միջոցառումը: Տարածքից ընդամենը 20 րոպե հեռավորությամբ էինք այդ պահին: Որոշեցինք անպայման գալ ու մասնակցել: Նախկինում երբեք այսքան մեծ թիմով ձնագնդի չէի խաղացել, բայց գիտեմ, որ նրանք ամեն տարի դա անում են: Այս տարի ես էլ միացա:
Ձնագնդիներով ճակատամարտի մասնակիցները վստահեցնում են, որ այս միջոցառումը ոչ աշխատանքային օրերին հրաշալիորեն բուժում է իրենց ձանձրույթից ու լիցքավորում դրական մեծ էներգիայով, ինչպես դա լինում էր հին ու բարի ժամանակներում:
ԻՏԱԼԻԱ
ԱՎԱՆԴԱԿԱՆ ԼՈՂ ՍԱՌՑԱԿԱԼԱԾ ՏԻԲԵՐ ԳԵՏՈՒՄ
Մի քանի խիզախ իտալացիներ այս Նոր տարին դիմավորել են Հռոմի սառցակալած Տիբեր գետը սուզվելու ավանդական արարողությամբ: Պակաս խիզախ, սակայն անչափ հետաքրքրասեր իտալացիների մեկ այլ խումբ էլ հավաքվել է Իտալիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Կավուր կամրջի մոտ՝ լողորդներին տեսնելու:
Սա Իտալիայում արդեն 50 տարի պահպանվող ավանդույթ է: Այս չորս լողորդները գետն են ցատկել ավելի քան 30 մետր բարձրությամբ կամրջի վրայից: Նրանց քաջագործությամբ հիացել են հարյուրավոր հանդիսականներ:
Սառցաջրում լողի վետերան Մաուրիցիո Պալմուլին, որը հայտնի է Միստեր Օքեյ մականվամբ, իր յուրահատուկ ոճով ողջունել է հավաքվածներին և ցատկել սառցաջրի մեջ, ինչից հետո լողալով արագ մոտեցել է փրկարարների նավակին, ինչպես արել են մյուս երեք լողորդները:
ԻՐԱՔ
ԻՐԱՔՑԻ ԿԱՆԱՅՔ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱՐՎԵՍՏՈՎ
Իրաքցի ֆիթնես մարզիչ Բուշրա Աբել-Զահրային չեն խանգարել պահպանողական հասարակության չգրված կանոնները, երբ որոշել է զբաղվել բռնցքամարտով ու կարատեով:
Երկու երեխաների 36-ամյա մայրը, որն ապրում է Նաջաֆ քաղաքում, ասում է, որ հաղթահարել է իր ընտանիքի և հասարակության առաջացրած բազմաթիվ խոչընդոտներն ու սկսել է զբաղվել սիրած գործով: Իրաքում շատերն են դեմ կանանց տեսնել մարտարվեստում:
Մարզասրահներում մարզիչ աշխատող կինը սկսել է կարատեով, այնուհետև անցել քիքբոքսինգի և նույնիսկ իր տան սենյակներից մեկը վերածել է մարզասրահի:
Բուշրա Աբել-Զահրա (ֆիթնես մարզիչ) - Ես սպորտն օգտագործում եմ որպես բուժական միջոց և սիրում եմ ինքնազարգացմամբ զբաղվել: Տանը պարապելու միտքն իմ մեջ ծագեց, քանի որ ինձ վրա ճնշումները շատ էին: Ես պատասխանատու եմ իմ երկու երեխաների և տան համար: Զավակներս իմ կարիքն ունեին, ես էլ որոշեցի, որ կարող եմ իմ տան երրորդ հարկի ազատ սենյակն օգտագործել որպես մարզասրահ՝ բռնցքամարտով զբաղվելու համար:
Բուշրայի մարզիչն ասում է, որ կանանց ու աղջիկների շրջանում աստիճանաբար ավելի է մեծանում հետաքրքրությունը մարտարվեստի նկատմամբ, քանի որ այն ընկալում են որպես ինքնապաշտպանության լավագույն միջոց: Բացի այդ, շատերը մասնակցում են տարբեր մրցաշարերի և նույնիսկ ոսկե մեդալներ նվաճում:
ՎԵՆԵՍՈՒԵԼԱ
ՓՈՔՐԻԿ ԿԵՆԳՈՒՐՈՒՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ԿԱՐԱԿԱՍԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ
Չորս փոքրիկ կենգուրուները, որոնք հայտնի են նաև վալաբի անվամբ, պատրաստվում են դառնալ Վենեսուելայի ամենամեծ կենդանաբանական այգու նոր բնակիչները:
Կարակասի կենդանաբանական այգու աշխատակիցները լիահույս են, որ նոր բնակիչներն ավելի մեծ թվով այցելուների կգրավեն իրենց մոտ:
Ագեվազներից երկուսն ալբինոս են: Քառյակից մեկն էգ է, իսկ մյուս երեքը՝ արու: Նրանց Կարակասի Կարիկուաո կենդանաբանական այգի են տեղափոխել Իսպանիայի Տոլեդոյի կենդանաբանական այգուց:
Բեռնարդո Պերեյրա (կենդանաբանական այգու աշխատակից) - Կարանտինային շրջանը կարող է տևել 15-20, երբեմն 40-70 օր: Կարծում եմ՝ հունվարի վերջին այս կենդանիներին արդեն կկարողանանք ցուցադրել: Բոլոր նրանք, ովքեր մինչև անցած դարի 80-ականների վերջ չեն եկել մեզ մոտ, հաստատ այս կենդանիներին մոտիկից չեն տեսել: Այնպես որ, անչափ հետաքրքիր կլինի:
Վենեսուելայի կենդանաբանական այգիները և ազգային պարկերը նույնպես զերծ չեն մնացել երկարատև տնտեսական ճգնաժամի ազդեցությունից: Դրա հետևանքով բարդացել է կենդանիների խնամքի համար ֆինանսական միջոցների հայթայթումը:
Կարիկուաոն ամսական մոտ 22 հազար այցելու է ունենում: Այնտեղ 200 կենդանի է ապրում: Սակայն խոշոր կենդանիներ դեռևս չկան, խոսքը մասնավորապես փղերի և ընձուղտների մասին է: Այգու աշխատակիցները լիահույս են, որ այդ բացն էլ կլրացվի:
ԻՏԱԼԻԱ
ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՌԵԳԱՏԱ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ
Ամեն տարի Վենետիկում անցկացվում է Աստվածհայտնության ռեգատա: Այս տարի այն պաշտոնապես չեղարկվել էր կորոնավիրուսի պատճառով. ասում են` վարակվածության դեպքերն այնտեղ վերջերս աճում են: Եվ չնայած դրան, մի քանի թիավարներ, որոնք տարեց կանանց հագուստով են, իրենց նավակներն իջեցրել են ջրանցք:
Ամեն տարի Վենետիկի ամենատարեց թիավարողները կարճ ռեգատա են անցկացնում Մեծ ջրանցքում՝ նշելու Աստվածհայտնության տոնը: Նրանք հագնված են Բեֆանայի՝ իտալական ժողովրդական բանահյուսության երևակայական ծեր կախարդուհու պես, որը, ենթադրվում է, երեխաներին նվերներ է բերում և նրանց գուլպաները լցնում անուշեղենով։ Իսկ եթե երեխաներն ամբողջ տարվա ընթացքում իրենց վատ պահած են լինում և չարաճճիություններ են անում, ապա նվերների փոխարեն Բեֆանա տատը ածուխ է լցնում:
Այս տարի Վենետիկի քաղաքապետարանը չեղարկել էր միջոցառումը` մեկ վայրում մարդկանց մեծ կուտակումներից խուսափելու համար: Բայց քանի որ Բեֆանայի նման հագնված լինելը հանցանք չէ, Վենետիկի ամենահին թիավարական ակումբի` «Բուչինտորոյի» անդամները որոշել են ինքնուրույն, ծեր կախարդների կերպարանքով ծպտված, թիավարել սիրողական ռեգատայում, առանց մրցանակների կամ եզրագծի:
1978-ին մեկնարկած ավանդական ռեգատան սկսվել է «Բուչինտորոյի» ակումբի երկու թիավարների մրցումներով, որոնք միմյանց մարտահրավեր են նետել` իրենց թիավարման հմտություններն ապացուցելու նպատակով:
ԱՄՆ
«ԳՐԵՄՄԻՆ» ՀԵՏԱՁԳՎԵԼ Է «ՕՄԻԿՐՈՆԻ» ՊԱՏՃԱՌՈՎ
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի արագ տարածման պատճառով այս տարվա «Գրեմմի» մրցանակաբաշխությունն անորոշ ժամանակով հետաձգվել է:
Շոուն պետք է անցկացվեր Լոս Անջելեսում՝ հունվարի 31-ին և ուղիղ հեռարձակվեր CBS հեռուստացանցով:
Մրցանակաբաշխության անվանակարգերը և դրանց ներկայացված արվեստագետները հայտարարվել էին դեռևս անցած տարվա նոյեմբերին։
2021 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխությունը նույնպես հետաձգվել էր COVID-19 համավարակի պատճառով։ Արարողությունը հունվարի փոխարեն բեմադրվել էր մարտին և ներառում էր նախապես ձայնագրված ու կենդանի հատվածների միախառնում փոքրաթիվ, սոցիալական հեռավորության վրա գտնվող հանդիսատեսի համար:
«Գրեմմիի» կազմակերպիչները լիահույս էին, որ այս տարի կվերադառնան ավանդական տոնակատարությանն ավելի մոտ ինչ-որ միջոցառման, սակայն, ավաղ, այդպես չեղավ:
ԲՐԱԶԻԼԻԱ
ՌԻՈՆ ՉԵՂԱՐԿՈՒՄ Է ԿԱՌՆԱՎԱԼՆԵՐԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Արդեն երկրորդ տարին է՝ ինչ Ռիո դե Ժանեյրոն չեղարկել է իր աշխարհահռչակ կառնավալային շքերթներն ու երեկույթները: Պատճառը դարձյալ քովիդն է` իր «Օմիկրոն» շտամով: Այդ մասին հայտարարել է Ռիոյի քաղաքապետը:
Սակայն սամբայի դպրոցների տպավորիչ շքերթը, ի տարբերություն անցած տարվա, այս անգամ տեղի կունենա՝ իհարկե հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ: Մարդիկ այն կարող են հեռվից դիտել, տոնախմբություն չի լինի:
Էդուարդո Պաես (Ռիո Դե Ժանեյրոյի քաղաքապետ) - Փողոցային կառնավալի ժամանակ, եթե այն անցկացվի ինչպես նախորդ տարիներին, անհնար է վերահսկել, որ մարդիկ պահպանեն հակահամաճարակային կանոնները: Ահա թե ինչու որոշեցինք, որ պարզապես դպրոցների խմբերը կներկայանան` առանց մարդկանց անմիջական մասնակցության և տոնախմբության: Սակայն մարդիկ այս ամենը դիտելու հնարավորություն կունենան:
Բրազիլիայում այս օրերին դարձյալ կորոնավիրուսի նոր դեպքերի զգալի աճ է նկատվում: Այս երկրում նույնպես հանդիպում է քովիդ-19-ի «Օմիկրոն» շտամը:
ԻՐԱՔ
ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔ՝ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՀԱՄԱՐ
Իրաքցի մի խումբ փրկարարներ երկրի հյուսիսային Զախո քաղաքում հազվագյուտ պարսկական ընձառյուծ են փրկել: Սակայն կենդանու` ողջ մնալու շանսերն օրեցօր նվազում էին, քանի որ նրա ստորին վերջույթներից մեկը թակարդի մեջ էր հայտնվել:
Իրաքցի քուրդ Բալանդ Բրիֆկանի խոսքով՝ ուրիշները նույնպես փորձել են փրկել ընձառյուծին, սակայն ձախողել են: Մինչդեռ իրենց թիմում ընդգրկված էին անասնաբույժ և քրդական աշխարհազորային խմբավորման՝ Փեշմերգայի անվտանգության ծառայության ուժեր, նաև շներ, որոնք շատ են օգնում թակարդում հայտնված կենդանուն հայտնաբերելու գործում:
Պարսկական ընձառյուծը Բնության պահպանության միջազգային միությունը համարել է անհետացող տեսակ: Ըստ անասնաբույժ Սլեյման Թամրի՝ տասնամյակների անկայունությունն ու հակամարտությունները Իրաքում հանգեցրել են այս ցեղատեսակի թվաքանակի նվազմանը Իրաքյան Քրդստանի հեռավոր շրջաններում:
Պարսկական ընձառյուծին փրկելուց հետո տեղափոխել են Դոհուկի կենդանաբանական այգի, որտեղ Թամրը վիրահատել է կենդանուն և հեռացրել ոտքը:
Ռամդան Հասան (Դոհուկի կենդանաբանական այգու տնօրեն) - Կենդանին այժմ հիվանդ է, հսկողության տակ կմնա մինչև ապաքինվելը: Եթե որոշվի, որ ապագայում էլ մեզ մոտ պետք է մնա, նրա համար հարկավոր կլինի էգ ընձառյուծ գտնել, որպեսզի մենակ չմնա, և կարողանա սերունդ տալ:
Այս ընձառյուծն այլևս չի կարող ապրել վայրի բնության մեջ և ստիպված կլինի կյանքը շարունակել կենդանաբանական այգում, որտեղ երկրորդ կյանքի հնարավորություն է ստացել: Կենդանու վիճակն այժմ, ըստ անասնաբույժի, կայունանում է:
ԲՈՒԼՂԱՐԻԱ
ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԲՈՒԼՂԱՐԱՑԻՆԵՐԸ ՊԱՐՈՒՄ ԵՆ ՍԱՌՑԱՋՐԵՐՈՒՄ
Բուլղարացի տղամարդիկ Բուլղարիայի կենտրոնական Կալոֆեր քաղաքում պարել և երգել են Տունջա գետի սառցակալած ջրերում՝ նշելու քրիստոնեական Աստվածհայտնության տոնը:
Նրանք կատարել են ավանդական Հորո շուրջպարը` շուրջանակի կանգնած թմբուկ և պարկապզուկ նվագողների շուրջը, նրանք նույնպես սառցակալած ջրում են: Հարյուրավոր մարդիկ են հավաքվել, որպեսզի ողջունեն երաժիշտներին ու պարողներին: Հանդիսականները վստահեցնում են, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են այս ավանդույթին, դրանից մեծ ուժ և եռանդ են ստանում:
Միլան Դրագանով (բուլղարացի հավատացյալ) - Մեզ համար ամենակարևորն այն դրական էներգիան է, որը ստանում ենք այս վայրից, դա մեր աշխատանքի, ամեն ինչի իմաստն է: Մենք դրական էներգիայի, ոգու կարիք ունենք, պետք է վառ պահենք մեր ավանդույթները:
Մարդկանց ուրախացնում է հատկապես այն, որ փոքրիկ երեխաները նույնպես մասնակցում են այս ավանդույթին: Սառը ջրերում պարում են նույնիսկ 4-5 տարեկան երեխաները, իհարկե շատերն իրենց ծնողների ուսերին նստած: Բուլղարացիները համոզված են, որ սա ճիշտ դաստիարակություն է իրենց սերունդների համար: