Ղազախստանում ՀԱՊԿ առաքելության օրինականության վերաբերյալ կասկածներն առաջանում են իրավիճակը չըմբռնելու պատճառով՝ ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Մենք արդեն տեսնում ենք, որ հարցեր են ծագում ՀԱՊԿ ուժերի ներդրման օրինականության վերաբերյալ: Դա պայմանավորված է հավաստի տեղեկատվության պակասով և ամբողջ իրավիճակի թյուրըմբռնմամբ»,- ասել է Տոկաևը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:
Այս կերպ Ղազախստանի նախագահը պատասխանել է ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենի հայտարարությանը, ըստ որի՝ Միացյալ Նահանգները Ղազախստանից բացատրություններ կպահանջի ՀԱՊԿ-ի խաղաղապահներին հրավիրելու հարցով:
«Մենք հարցեր ունենք, թե ինչու էր Ղազախստանի իշխանությունը ստիպված դիմել ՀԱՊԿ-ին, որտեղ գերիշխում է Ռուսաստանը։ Խնդրում ենք պարզաբանել»,- ասել է դիվանագետը։
Նա նաև քննադատել է Ղազախստանի նախագահ Տոկաևի հրամանը՝ առանց երկմտելու կրակել հանձնվելու հրահանգին չենթարկվողների վրա: «Եթե սա ազգային քաղաքականություն է, ապա ես դատապարտում եմ այդ քաղաքականությունը»,- ասել է Բլինքենը։