Ադրբեջանական զինուժն այսօր՝ ժամը 14:30-ի սահմաններում, հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից
կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:
Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից, Կարմիր Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ, այրվել է կայանված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
«Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով տուժածներ չկան:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները:
Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է»,- հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: