Վահագն Մկրտչյան (Երևանի Ստեփան Զորյանի անվան 56-րդ հիմնական դպրոցի աշակերտ) - Եթե շատ ժամանակ չհաճախենք դպրոց, մեր իմացածներն էլ կմոռանանք, դրա պատճառով էլ անցած բաները լավ չենք ընկալի:
Դասարանի գերազանցիկներից Վահագնը ուրախ է, որ ավարտվեցին տոնական արձակուրդները, ու վերսկսվեցին դասերը: Երկշաբաթյա դադարից հետո հնչեց դպրոցի զանգը:
Սուսաննա Գալստյան (Երևանի Ստեփան Զորյանի անվան 56-րդ հիմնական դպրոցի տնօրեն) - Դպրոցը ջեռուցվում է, տաք է, ամեն ինչ նորմալ է, հաճախումներն ենք ստուգել. ունենք բացակայող երեխաներ, որոնք վատառողջ են, ճշտել են դասղեկները, և ամեն ինչ բնականոն պրոցեսի մեջ է:
Սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված՝ դեկտեմբերին լարվածություն կար նախադպրոցական և դպրոցական հաստատություններում: Սուսաննա Գալստյանի խոսքով՝ արձակուրդային օրերը նպաստեցին, որ երեխաները կազդուրված վերադառնան դպրոց: Այս դպրոցում 1003 աշակերտից երկրորդ կիսամյակի առաջին օրը բացակա էր 73-ը:
Սրբուհի Հակոբյան (Երևանի Ստեփան Զորյանի անվան 56-րդ հիմնական դպրոցի ուսուցչուհի) - Դեկտեմբերի վերջին ունեցանք նման վարակներ, բայց այս պահին սուր շնչառական վարակներով հիվանդներ չունենք: Առանց ընդհատումների նորմալ աշխատել էինք ամբողջ կիսամյակը, ժամանակին գրել էին հայոց լեզվի գրավորները, նորմալ հանձնել են կիսամյակային աշխատանքները:
Սուր շնչառական վարակով պայմանավորված՝ Երևանի մեկ այլ դպրոցում սպասում էին՝ աշխատանքային առաջին օրը բացակայությունները գուցե շատ լինեին: Այստեղ աշակերտների թիվը մոտ 300 է, բացակա էր ընդամենը 18-ը:
Զարինե Սարգսյան (Երևանի Գայի անվան 129-րդ հիմնական դպրոցի փոխտնօրեն) - Բավականին աշակերտներ հաճախել են, մեր բնականոն ընթացքի մեջ ենք, անմիջապես հարմարվել ենք, փորձում ենք պահպանել հակահամաճարակային կանոնները:
Գրենական պիտույքների կողքին աշակերտական պայուսակում այժմ տեղ ունեն հակահամաճարակային պարագաները:
Գուրգեն Գրիգորյան (Երևանի Գայի անվան 129-րդ հիմնական դպրոցի աշակերտ) - Թաց, չոր անձեռոցիկներ, սպիրտ և դիմակ. վարակը չի խանգարել, որ փակենք կիսամյակը:
670 ԵՐԵԽԱ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԱԾ Է, 17-Ը՝ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺՆՈՒՄ
Երկրում վարակների տարածման առումով իրավիճակը դեռևս լարված է, բայց կայուն: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը նաև նախադպրոցական և դպրոցական հաստատություններում է իրականացնում մշտադիտարկում, վերլուծությունից հետո կներկայացնեն առաջարկներ: Հունվարի 10-ի դրությամբ՝ 670 երեխա հոսպիտալացված է, 93,4 տոկոսը մինչև 10 տարեկան երեխաներ են: 17-ը վերակենդանացման բաժանմունքում է, նրանց 95 տոկոսը մինչև 5 տարեկան երեխաներ:
Ստալ Սարդարյան (ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ) - Մեկնարկը նոր է տրվել, ամենօրյա ռեժիմով կապ ենք հաստատում տնօրենների հետ, բացի դրանից՝ առողջապահության նախարարի հրամանով կարգավորվում է այդ հարցը, եթե ուսումնական հաստատություններում քովիդով կամ այլ սուր շնչառական հիվանդություններով դեպքեր կան, ապա դասարանը կամ որոշակի խումբ կարող է անցնել ժամանակավոր հեռավար ոսուցման, մինչև վարակի ցիկլի ավարտը:
Դեկտեմբերի 27-ին մեկնարկած ձմեռային արձակուրդից հետո երկուշաբթի դպրոց վերադարձան 3-րդից 12-րդ դասարանի երեխաները: 1-ին և 2-րդ դասարանցիների համար դասերը կվերսկսեն հունվարի 24-ին: