Փարաքարի ավագանու այսօրվա նիստում «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր են դրել մանդատները և լքել նիստերի դահլիճը: Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի Ֆեյսբուքի էջում։
«Ավագանու նիստում «Դավիթ Մինասյան» և ՔՊ խմբակցության անդամները միասին համայնքապետի պաշտոնում առաջադրել են Դավիթ Մինասյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում Մինասյանն ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնում:
Առաջիկա 5 տարիներին նա կիսելու է համայնքի կառավարումը Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ, որն էլ ՔՊ-ի թեկնածուն է:
Շնորհավորում եմ երկու կուսակցությունների ներկայացուցիչներին, հետընտրական այս գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ համայնքում իրավիճակը թեժացել էր դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո, երբ մանդատ ստացած երեք ուժերը համաձայնության չէին գալիս և չէր ստացվում նիստ անցկացնել:
Ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացած «Ապրելու երկիրը» համայնքապետի պաշտոնում առաջադրել էր Վոլոդյա Գրիգորյանին ու խմբակցության կազմով ընտրել նրան, սակայն ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագրի» ու «Դավիթ Մինասյան» դաշինքի 11 անդամներն իրենց հերթին Մինասյանին էին համայնքապետ ընտրել։
Վարչական դատարանն անվավեր էր ճանաչել համայնքապետի ընտրությունը: