«Էմանուել Մակրոնը չի ամաչում իր այն հայտարարությունից, թե պատրաստվում է «բարդացնել պատվաստվել չցանկացողների կյանքը»: Հայտարարությունը Ֆրանսիայի նախագահն արել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Փարիզի Պանթեոնում համատեղ ասուլիսի ժամանակ՝ նվիրված ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահությանը: Նա ընդգծել է, որ խոսքը հետ չի վերցնի, գրում է Euronews-ը:
Մակրոնն այդ խոսքն ասել է հունվարի 4-ին, երբ կորոնավիրուսով վարակվածների թիվն այդ օրը հասել էր 271 հազարի: Իսկ ուրբաթ վարակի նոր դեպքերի թիվը եղել է 328214: Այդ խոսքի համար Մակրոնն արժանացել է իր քաղաքական հակառակորդների և բազմաթիվ հասարակ ֆրանսիացիների քննադատությանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը հինգշաբթի քվեարկել է նոր օրենսդրության օգտին, որը երկրի առողջապահական վկայականը վերածում է պատվաստումների անցագրի՝ արգելելով չպատվաստված մարդկանց մուտքը բարեր, ռեստորաններ, կինոթատրոններ, թատրոններ և այլ հանրային վայրեր: