Շուտով ֆիլմեր կամ ներկայացումներ դիտելու, հանրային այլ վայրեր այցելելու համար ձեզնից կպահանջվի ունենալ ոչ միայն տոմս, այլև պատվաստումը հաստատող նման սերտիֆիկատ կամ թեստի բացասական պատասխան:
Ովքեր հեռախոսում ունեն «Արմեդ» հավելվածը, հանրային վայրեր այցելելիս պարզապես ցույց կտան QR կոդը, եթե կանաչ է, ամեն բան կարգին է, տվյալ հաստատություն մուտքն էլ՝ ազատ:
Նունե Բակունց (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն) - Որոշակի հանրային վայրեր մարդիկ կարող են հաճախել` բացառապես ունենալով կամ ամբողջական պատվաստում, կամ 3 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտություն, կամ ՊՇՌ ապացույց առողջացման, այսինքն՝ հիվանդության առաջին դրական հետազոտությունից պետք է անցած լինի ոչ ավելի, քան 90 օր, ինչպես նաև արագ հակածնային թեստեր:
Հանրային վայրեր այցելելու որոշակի սահմանափակումների մասին առողջապահության նախարարի հրամանն արդեն կա: Ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո 15-րդ օրը:
Նունե Բակունց - Այդ հանրային օբյեկտների մեջ մտնում են՝ հանրային սննդի կազմակերպությունները, հյուրանոցային տնտեսությունները, մարզասրահները, մշակութային կազմակերպությունները, գրադարանները, թանգարանները, կինոյի, թատրոնի կազմակերպությունները, այսինքն՝ այն բոլոր վայրերը, որտեղ մարդաշատ է:
Մայր թատրոնում հակահամաճարակային կանոնները պահպանվում են վաղուց, հանդիսատեսին շախմատաձև են նստեցնում: Նոր պահանջն էլ կիրականացնեն:
Վարդան Մկրտչյան (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն) - Թատրոնը պատրաստ է, եթե դա պարտադիր պահանջ է, պատրաստ ենք, բայց ինչպե՞ս, գործիքակազմն անհայտ է:
Քանի որ նախարարությունը վերահսկողական գործառույթ չունի, այն կիրականացնի տեսչական մարմինը:
Նունե Բակունց - Ստուգվելու է այնպես, ինչպես ստուգվում են կարանտինի ընթացքում գործող բոլոր սահմանափակումները, տեսչական մարմինները:
Մասնագետը հիշեցնում է նոր՝ «Օմիկրոն» շտամի մասին, որն ավելի արագ է տարածվում, քան նախորդները: Այս միջոցառումը ևս մեկ քայլ է բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ:
Նունե Բակունց - Ուժի մեջ են մնում և ոչ պակաս կարևոր են նաև մեր մինչև պատվաստումներն առկա պաշտպանիչ միջոցառումները՝ դիմակը, հաճախ ախտահանել ձեռքերը և հեռավորություն պահպանել:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը նշում է՝ որքան էլ սահմանափակումներն օգնեն, վարակի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է: