Շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը հունվարից սկսել է փորձարկվել չորս մարզի չորս համայնքում՝ Վանաձորում, Էջմիածնում, Եղվարդում, Մասիսում: Այդ համայնքների փորձը կվերլուծվի, և մինչև 2026-ի ավարտը քաղաքաշինական թույլտվությունների ստացման գործընթացը կիրականացվի բացառապես առցանց:
Արտավազդ Թարխանյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական) - Նպատակը՝ կրճատել վարչարարությունը, կրճատել ծախսվող ժամանակը, ապահովել ավելի բարձր փոխգործելիության մակարդակ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, մատակարար և կառուցապատող կազմակերպությունների միջև:
Խոսքը բնական գազի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարար կազմակերպությունների մասին է: Միասնական էլեկտրոնային հարթակում ներկայացված են տեսչական մարմինները: Թվային եղանակով կառուցապատման թույլտվությունները կտրվեն e-permits համակարգի միջոցով: Գործիքը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկը, գործընթացը կդառնա արագ, թափանցիկ:
Արտավազդ Թարխանյան - Քաղաքացին, դիմելով մեկ միասնական պատուհան, մուտքագրելով իր դիմումը, հնարավորություն ունի լրացնելով հարցաշարը, նաև իր ակնկալվող սպառման ծավալների վերաբերյալ հարցում կատարել մատակարար կազմակերպություններին, ստանալ պատասխանը: Սա կրճատելու է վարչարարությունը, մարդկանց տեղաշարժը:
Շինթույլտվությունների համար դիմած ավելի քան 600 էլեկտրոնային հայտից մի քանի տասնյակը ստացվել են վերջին օրերին: Համակարգում ապահովված է հասանելիություն բնակչության իրավաբանական անձանց պետական ռեգիստրին, անշարժ գույքի շտեմարաններին, պետական վճարումների իփեյմընթս համակարգին:
Արտավազդ Թարխանյան - Քաղաքացիները հնարավորություն ունեն ավելի հստակ, արագ տեղորոշելու գույքը, նույնականացնելու գույքը, կատարելու պետական վճարումները, դիմումները թափանցիկ, արագ ներկայացնելու քաղաքաշինական բնագավառի ՏԻՄ ներկայացուցչին:
Արտավազդ Թարխանյանը ցույց է տալիս առցանց համակարգում գրանցվելու քայլերի հաջորդականությունը, ընդգծում, որ կառուցապատողների արձագանքն այս որոշմանը դրական է: Գործը հեշտացնելու համար կայքում ներբեռնել են իրավական փաստաթղթերի շտեմարաններ, օգնության կենտրոն, տեսաձայնային, տեքստային ուղեցույցներ:
Արտավազդ Թարխանյան - Սեղմել «մուտք» կոճակը, գրանցվել համակարգում, մուտքագրում ենք օգտատիրոջ ծածկանունը, կեղծանունը, անունը, ազգանունը, էլփոստը, հանրային ծառայության համարանիշը: Հնարավորություն է տրվում դիմումները ՏԻՄ ներկայացուցիչներին, գործում է նախագծման թույլտվությունը, նաև շինթույլտվություն:
Շինթույլտվություններն առցանց իրականացնելու որոշումը Կառավարությունն ընդունեց դեկտեմբերին: Վարչապետը նկատեց, որ շինկազմակերպություններն ու ներդրողները հաճախ բողոքում են, որ թույլտվությունների, նախագծային առաջադրանքի գործընթացը նախատեսվածից երկար է տևում, և առաջարկեց ներդնել ահազանգման համակարգ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ահազանգի համակարգ լինի, որ, օրինակ՝ դիմումին մնացել է էսքան օր, քաղաքացուն ծանուցել, էլեկտրոնային համակարգ ներդնելու դեպքում ահազանգի համակարգ լինի, իմաստ ունի ապահովող ընկերությանը խնդրել, որ լրացնի:
Մշտադիտարկման հնարավորություն համակարգն ունի, այժմ թարմացվում է. գործընթացի ուշացման, ձգձգումների դեպքում այն ավտոմատ կծանուցի տեսչական մարմիններին: